Այս 5-6 օրվա ընթացքում ԱԺ-ում ամեն ինչ լավ էր գնում, բայց ինչ-որ մարդիկ ստվերում բավարարված չէին այդ ընթացքից․ Քոչարյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին
Արդեն մեկ շաբաթ է ԱԺ-ն ընդդիմադիր թևի հետ՝ թու-թու-թու լավ գնում էր, ոնց որ աչքով տվեցին, մեկ էլ հոգեմետ վիճակ առաջացավ, այնքան խոսեցինք հոգեմետ դեղերի մասին ու հանկարծ հոգեմետ իրավիճակ առաջացավ ու պարզ չէ՝ ինչու: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանը հիշեցրեց, որ օրեր առաջ «Հայաստան» խմբակցության խնդրանքով քննարկում է անցկացվել Տեղ գյուղի միջադեպի հետ կապված.
«Դրանից առաջ «Հայաստան» խմբակցության առաջարկով Տեղ գյուղի հետ կապված մենք հրաշալի քննարկումներ ունեցանք և շատ շահարկումներ դուրս եկան,ԳՇ պետը կարողացավ նաև իրենց ներկայությամբ պատասխանել շատ-շատ հարցերի, նաև խոսվեց թերացումների մասին, որի հետ կապված մենք անելիք ունենք և պարոն վարչապետն իր ելույթներում նշել է, որ խնդիրներ կան, որոնց պատասխանները պետք է գտնենք և գտնված են և դրանցից դասեր քաղելը մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լիներ:
Հաջորդիվ եկավ կատարողականի քննարկումը, շատ ակտիվ էին, հարցերը տալիս էին, եթե տիկինն ասում է՝ սա թղթի կտոր է, այդ դեպքում հարցեր ինչո՞ւ եք տալիս: Այդ դեպքում դուք չեք հասկանում՝ ինչ է պետությունը, պետականությունը և սահմանադրությունը: Կառավարության ծրագիրն է ներկայացվում, որի մեջ կատարված աշխատանք է, մարդիկ են և այդ մարդիկ ներառված են այդ աշխատանքների մեջ և ունենք արձանագրված հաջողություններ: Մյուս ելույթ ունեցողը շատ տարօրինակ պահեց և պատահական չէ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն է : Խոսույթը՝ իմ հայրենիքը, դա մեր հայրենիքն է, անպաշտպան է, եթե անպաշտպան է՝ ինչու են մեր զինվորները զոհվում, այդ պարզ բաները չի հասկանում տիկինը, դա խնդիր է, այդ վիճակից պետք է դուրս գան:
Այս 5-6 օրվա ընթացքում ամեն ինչ լավ էր գնում, բայց ինչ-որ մարդիկ ստվերում բավարարված չէին այդ ընթացքից, ի սկզբանե ասել էին խրամատների մասին, քոքերի մասին, այս ընթացքը ոչ մեկին ձեռք չի տալիս, որովհետև սա մեզ հնարավորություն էր տալիս համերաշխության միջավայր ստեղծել մեր երկրում, չուզեցին, ենթարկվեցին և պատահական չէ, որ դա հենց արվեց «Պատիվ ունեմ»-ի կողմից, որովհետև, վերջին քննարկումներում շատ կարևոր արձանագրումներ արվեցին արտաքին քաղաքական մեր օրակարգի ձևավորման ամբողջ ընթացակարգի մասին, խոսվեց նաև քննիչ հանձնաժողովում ուսումնասիրությունների հեռանկարի մասին, բավարարված չէին, ինձ համար դա ակնհայտ էր: Եղավ այն, ինչ եղավ, դա իրենց ընտրությունն է, մենք, բնականաբար, մեր օրակարգը պետք է շարունակենք և խոսենք այն անելիքների մասին, թե ինչ պետք է անենք վաղվա օրը»:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և չի պատրաստվում հեռանալ ամբիոնի մոտից։
Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, ինչին Թովմասյանը չհամաձայնեց, ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, ապա ընդմիջում հայտարարվեց։
Ընդիջումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։



