երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
«Այո»-ի ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Պապիկյան

«Այո»-ի ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Պապիկյան

«Այո»-ի քարոզչությունը նախատեսվում է իրականացնել մի քանի շերտերով։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այո»-ի նախընտրական  շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Նա հայտնեց, որ  ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը:

«Նպատակն է հանրութանը ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար և դրա կարևորությունը Հայաստանում հետագա բարեփոխումների իրականացման համար»,-նշեց Սուրեն Պապիկյանը։

Նա նաև հայտնեց, որ այժմ արձակուրդում է, բայց, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատանքը չտուժի, ապա կվերադառնա աշխատանքի՝ պայմանավորված Վրաստան այցով, այնուհետև նորից կլինի արձակուրդում՝ մինչև քարոզարշավի ավարտը։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նախատեսում է մասնակցել քարոզարշավին և ըստ անհրաժեշտության կլինի արձակուրդում:

«Մնացած գործընկերներն, ըստ իրենց մասնակցության, կորոշեն և նաև շտաբի առաջարկությամբ կմասնակցեն պրոցեսին թե՛ արձակուրդում, թե՛ աշխատանքից հետո»,- ասաց նա։ 

Նա նաև հայտնեց, որ «Այո»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից: Երևանում քարոզչությանը նվիրելու են 4 օր, վարչապետն էլ լինելու է և մարզերում, և Երևանում, մասնավորապես, Փաշինյանը քարոզարշավին կմիանա մարտի 10-11-ից սկսված:

Հարցին՝ քարոզարշավի ընթացքում Երևանում մեծ հանրահավաք նախատեսվո՞ւմ է, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այդպիսի որոշում առայժմ չկա:

  • Կիսվել: