երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այն մարդիկ, ովքեր այսօր միտինգ են կազմակերպել, 5 տարի առաջ ասում էին՝ կտրել բոլոր թեղիները. քաղաքապետը՝ ցուցարարներին

Այն մարդիկ, ովքեր այսօր միտինգ են կազմակերպել, 5 տարի առաջ ասում էին՝ կտրել բոլոր թեղիները. քաղաքապետը՝ ցուցարարներին

Ձեր քննարկումներին մասնակցած գիտնականները վստահելի չեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, քաղաքապետարանի մոտ ծառահատումների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականը՝ պատասխանելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքների քննարկումներին գիտնականներ են մասնակցել: Քաղաքապետն էլ ի պատասխան, Վիկտոր Մնացականյանի խոսքին, ասաց՝  «Հարգելի Վիկտոր, ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում է, գոնե դուք մի խոսեք»:

«Այն մարդիկ, որոնք այսօր միտինգ են կազմակերպել, 5 տարի առաջ ասում էին, որ բոլոր թեղիները պետք է հատվեն, խոսքը ձեր շարքերում գտնվող Քրիստինա Վարդանյանի մասին է»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ դիմելով քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարներին:

Նրա խոսքով, Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հեկտար անտառ է տնկել, մոտ 10 հազար ծառ: Դա արվել է ոռոգման համակարգի ներդրմամբ: Այդ ծառերի 95 տոկոսն արդեն կպել է, կենսունակ է, և շարունակելու է աճել:

«Բացի այդ, տասնյակ այգիներ ենք վերականգնում. Մերգելյանի այգին, Դավթաշենի այգին և այլն: Մենք առողջ ծառեր չենք կտրում: Շատերդ ուղղակի տեղյակ չեք, և շատերիդ մոլորեցրել են տարբեր լոզունգներով»,-պարզաբանեց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով քաղաքացիներին մեղադրանքներին, թե կենսունակությունը կորցրած ծառերի հետ միասին նաև առողջներն են հատվում:

Քաղաքապետը  հարցրեց քաղաքացիներին, թե արդյո՞ք առողջ թեղիները պետք է մնան: Քաղաքացիների «այո» պատասխանին, քաղաքապետը հակադարձեց, պատմելով, որ օրեր առաջ, երբ Թումանյան փողոցում էին ծառերի փոխարինման աշխատանքներ իրականացնում, մի առողջ թեղի էին որոշել թողնել, բնակիչներն էլ բողոքել էին, թե թեղին առողջ չէ, վարակված է, միջատներն էլ բնակարաններն են լցվում:

  • Կիսվել: