կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Այն բոլոր ուժերը, որոնք պնդում են՝ ՀՀ տարածքը 29.743 կմ չէ, ունեն միայն մեկ նպատակ՝ որ ՀՀ-ն չլինի ինքնիշխան ու անկախ. Ալեքսանյան

Այն բոլոր ուժերը, որոնք պնդում են՝ ՀՀ տարածքը 29.743 կմ չէ, ունեն միայն մեկ նպատակ՝ որ ՀՀ-ն չլինի ինքնիշխան ու անկախ. Ալեքսանյան

Մոտեցել եմ ամբիոնին ընդամենը, որ ֆիքսեմ՝ հերթական քառօրյան, կարելի է ասել, ավարտվեց, և քառօրյայի ընթացքում ևս ընդդիմությունը չնշեց, թե ըստ իրենց՝ քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ես փորձելու եմ հերթական բոլոր քառօրյաների ընթացքում այս հարցը բարձրացնել և կամ գոնե արձանագրել այն փաստը, որ ընդդիմությունն այս հարցին չի պատասխանել»,- ասաց Ալեքսանյանը:

Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց՝ ՀՀ-ն ունի 29.743 կմ տարածք, իսկ այն բոլոր ուժերը, որոնք պնդում են, թե ՀՀ տարածքն այդքան չէ, նրանք ունեն միայն մեկ նպատակ, որ ՀՀ-ն չլինի ինքնիշխան ու անկախ հանրապետություն:

«Ու հենց դրա համար է, որ հենց մեր ընդդիմադիր գործընկերներին հարցնում ենք՝ որքան է ՀՀ տարածքը, նրանք չունեն պատասխան, բայց ամբողջ օրը գալիս ու այստեղից ասում են՝ հանձնում եք: Լավ, եթե դուք չունեք ինչ-որ մի թիվ, որը Հայաստանի Հանրապետությունն է, ինչի՞ց եք այդ հանձնելը հաշվում»,- խոսքը եզրափակեց Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքին արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը՝ վերջինիս մեղադրելով մանիպուլյացիայի մեջ: 

Նա հակընդդեմ հարց ուղղեց՝ իշխող խմբակցությունից փորձելով ճշտել՝ որքա՞ն է ՀՀ տարածքը հիմա: 

  • Կիսվել: