շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու նոր կանոններ կսահմանվեն․ «Ժողովուրդ»

Ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու նոր կանոններ կսահմանվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում Երեւանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները կսահմանվեն: Ի դեպ, գործունեության իրականացման համար անհրաժեշտ է լինելու տվյալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է թույլտվության տրամադրման համար սահմանել տեղական տուրք, իսկ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար կսահմանվի տուգանք:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը կտուգանվի 100 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամի չափով: Այս արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կդառնա 300 հազար դրամ: Բացի այս, նշենք, որ համայնքի տարածքում ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար յուրաքանչյուր օրվա համար կսահմանվի 500 դրամ՝ 1 քմ-ի համար: Այս օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 1-ից:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: