հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավտոբուսներ բերելու հետ կապված սաբոտաժ, այո, եղել է. Էռնեստ Ավանեսով

Ավտոբուսներ բերելու հետ կապված սաբոտաժ, այո, եղել է. Էռնեստ Ավանեսով

ՔՊ-ի վարչությունը, փաստորեն, որոշել է, որ ամենակարեւոր հարցը Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելն է, փորձում են Հայկ Մարությանից հրաժարվել, բայց այն կետերը, որ ես կարդում եմ, համոզիչ չեն: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսյանը, որը ժամանակ առաջ դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից:

«Այստեղ «իմ քայլի» անդամների ելույթներից շատերը արդարացում էին, քան հիմնավորում: Խնդրում եմ՝ ոչ թե արդարացեք, այլ հիմնավորեք քաղաքացիների համար, որ մարդիկ հասկանան, թե ինչու եք Հայկ Մարությանին ուզում փոխարինել Հրաչյա Սարգսյանով:

Վերջին շրջանում լրատվականներով տարբեր թեմաներ գցելով, հասունացնելով քաղաքապետի հրաժարականի թեման, շատ տխուր ու վատ ձեռագիր է, որը հիշեցնում է ՀՀԿ-ին: Ֆեյքերի անդեմ, անսեռ, հակահիգիենիկ գրառումներով փորձում են եղանակ ստեղծել»,-ասաց նա:

Ավանեսյանն անդրադարձավ նաեւ ավտոբուսների սաբոտաժի խնդրին. «Այո, ավտոբուսների բերելու հետ կապված սաբոտաժ եղել է, եւ ես ինքս դա հաստատում եմ: Ես որոշում էի կայացրել, որ քաղաքը չպետք է տուժի: Ես մասնակցել եմ այդ նիստին, քվեարկել եմ, որ քաղաքը ունենա նոր ավտոբուսներ:

Այո, «Իմ քայլը» շատ է շեղվել հեղափոխական արժեքներից: Այնպիսի լուսավոր դեմքեր են լքել այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպիսիք են Կարեն Անտաշյանը, Արսեն Կարապետյանը, Գրիգոր Երիցյանը, Գայանե Վարդանյանը, կարող ենք շարունակել»,-ընդգծեց Էռնեստ Ավանեսյանը:

Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետի նոր թեկնածուն ընտրվեց մեկ գիշերվա ընթացքում, դա նշանակում է, որ դարձյալ մեկ գիշերվա ընթացքում որոշումներ են կայացվում։ Նա «Իմ քայլը» խմբակցությանը կոչ արեց համոզիչ հիմնավորել, թե ինչու պետք է հեռանա Հայկ Մարությանը։

 
 

  • Կիսվել: