ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Արցախում 75 ծրագիր է կյանքի կոչել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Արցախում 75 ծրագիր է կյանքի կոչել

Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Արցախին։

Այս մասին հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, տիկին Նիկոլա Ստանիշը՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի բացմանը։
 
«Արցախում՝ 50 տեղական և միջազգային գործընկերների հետ, ամբողջությամբ իրականացվել կամ ընթացքում է ընդհանուր առմամբ 75  մարդասիրական ծրագիր»,-հայտնեց Ստանիշը։
 
Այդ ծրագրերից մասնավորապես 45-ն արդեն ավարտվել  է, իսկ 30-նն ընթացքում է։
 
«Ավրորան՝ Արցախին»  նախագծի շրջանակում իրականացվել են ենթակառուցվածքների, առողջապահական, հրետակոծված կրթօջախների վերականգնման, պատերազմից տուժածներին կացարանով ապահովելու և բնակարանների վերանորոգման աջակցության ծրագրեր։ Դրանցից մասնավորապես  46-ն անհապաղ մարդասիրական օգնության նախագիծ է եղել, 16-ը՝ սոցիալական և ձեռնարկատիրական զարգացման, 13-ը՝ ենթակառուցվածքների վերականգնման նախագծեր։
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի քննարկումները կբարձրացնեն աջակցության ծրագրերի համադրման, հասցեականության ու արդյունավետության մակարդակը։

  • Կիսվել: