ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավելի արդյունավետ հարթակ չեմ պատկերացնում, քան հարևանների հետ քննարկումները. Արսենյանը՝ «3+3» ձեւաչափի մասին

Ավելի արդյունավետ հարթակ չեմ պատկերացնում, քան հարևանների հետ քննարկումները. Արսենյանը՝ «3+3» ձեւաչափի մասին

«3+3» ձեւաչափով երեկվա հանդիպումը գնահատում եմ շատ դրական, որովհետեւ հարեւանների հետ մեր հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրների քննարկումները միայն արդյունավետ են, ողջունելի են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նրա խոսքով, խնդիրների քննարկումը բերում է դրանց լուծելու հնարավորության. «Չքննարկվող խնդիրը չի լուծվում: Հարեւանների հետ քննարկման պարագայում մենք կարողանում ենք գտնել օպտիմալ բանաձեւը, որը բավարարում է եւ մեզ, եւ հարեւաններին: Համատեղ շահերի առկայության պարագայում կարող ես գտնել այն բանաձեւը, որը բոլոր կողմերին շահավետ է: Հարեւանների հետ համագործակցությունը տալիս է զարգացման հսկայական էներգիա, հնարավորություն, իսկ հարեւանների հետ կոնֆլիկտը բերում է միայն բացասական հետեւանքների, տնտեսական զարգացման, հոգեբանական վիճակի վատթարացման»,-ասաց նա:

Գուրգեն Արսենյանը հավելեց, որ ինքը արդյունավետ հարթակ է համարում, երբ սահմանակից հարեւանները իրար հետ խոսում են իրենց ներկայի ու ապագայի մասին. «Ավելի արդյունավետ հարթակ չեմ կարողանում պատկերացնել»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ հարթակը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասով հայտ չի ներկայացրել:

  • Կիսվել: