շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ավարտվեց բուլղարական պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան

Ավարտվեց բուլղարական պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան

Հունվար ամսին Էնթերփրայզ Արմենիայի կողմից մեկնարկած «ԳինուԳործ» («WineBizz») ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել գինեգործության ոլորտում գործունեություն ծավալող բուլղարական 4 ՓՄՁ և 4  գործարար ծառայություններ մատուցող (ԳԾՄ) կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես  հայտնում են «Ներդրումների աջակցության կենտրոն»-ից, ճանաչողական այցի ընթացքում բուլղարական պատվիրակությունն ի թիվս մի շարք հանդիպումների, հյուրընկալվեց «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից, որտեղ բուլղարացի հյուրերին ներկայացվեցին Հայաստանի ներդրումային և բիզնես միջավայրը, գինու ոլորտում ձեռքբերումները և այլն:

4-օրյա հագեցած ծրագիրը ներառում էր նաև այցելություններ գինեգործական առաջատար ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի գինու պատմության թանգարան: Սա հիանալի հնարավորություն էր բուլղարացի գործընկերների համար՝ ծանոթանալ հայկական գինեգործության պատմությանն ու ավանդույթներին և, իհարկե, փոխանակվել գինեգործության ոլորտում ունեցած փորձառությամբ, նորագույն տեխնոլոգիաների մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև՝ զարգացման միտումներին:

Ճանաչողական այցը եզրափակվեց գործարար համագործակցության հաստատման միջոցառումներով, որոնց ընթացքում հայկական և բուլղարական ՓՄՁ-ները և ԳԾՄ-ներն ունեցան մի շարք խաչաձև հանդիպումներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան հաստատելու կապեր և ձեռք բերեցին հետագա համագործակցության պայմանավորվածություններ:

Առաջիկայում նախատեսվում է նաև հայկական գինեգործների այցելություն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցող Vinaria – 2022 ցուցահանդեսին, որտեղ հայկական գինեգործական ընկերությունները կծանոթանան բուլղարական գինու շուկայի հետ, ինչպես նաև՝ հնարավորություն կունենան ձեռք բերել պայմանավորվածություններ՝ իրենց արտադրանքը Եվրոպական Միություն արտահանման վերաբերյալ:

  • Կիսվել: