ՀՀ նոր սահմանադրության նախագծում չկա հղում Անկախության հռչակագրին։

Հիշեցնենք, որ գործող սահմանադրության մեջ կա հետևյալ պարբերությունը.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Իսկ անկախության հռչակագրում հիշատակվում է Արցախի ու Հայոց ցեղասպանության մասին։

Մասնավորապես, Հռչակագրում նշվում է.

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`

արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,

գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում,

ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից,

կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը,

հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,

զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները,

խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

Հ Ռ Չ Ա Կ Ո Ւ Մ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։

Բացի այդ, Հռչակագրի 11–րդ կետում նշվում է. «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Նշենք, որ Նոր Սահմանադրության նախագծում պահպանվում է կառավարման խորհրդարանական ձևը։

Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հատվածը մնացել է անփոփոխ։