ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավագանու կյանքի որակը կախված չէ պետությունից ինչո՞ւ պետք է նա հայտարարագրի իր ծախսերը․ Անի Սամսոնյան

Ավագանու կյանքի որակը կախված չէ պետությունից ինչո՞ւ պետք է նա հայտարարագրի իր ծախսերը․ Անի Սամսոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կարծիքով համայքնների ավագանու ինստիտուտին մեծ վնաս կհասցնի ծախսերի հայտարարագրման ներդրվելիք համակարգը։

«Համայնքի ավագանու անդամը չի վարձատրվում, փոխհատուցվում է, բայց դա աշխատավարձ չէ և ըստ էության, դժվար է համոզել մարդկանց, որպեսզի նրանք գան, դառնան ավագանու անդամ ու ծառայեն համայնքի շահերին։ Այս ներդրվող համակարգը մեծ վնաս է հասցնելու համայնքի ավագանու ինստիտուտին որակական առումով», -այսօր Ազգային ժողովում «Հանրային ծառայությունների մասին» և կից օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Անի Սամսոնյանը։

Պատգամավորի խոսքով, ավագանու անդամները չեն ստանում աշխատավարձ պետույունից և պարզապես չեն ուզենալու հայտարարագրել իրենց գույքը և եկամուտները։ Ավելին, ըստ պատգամավորի, անհասկանալի է, թե ինչու պետք է ավագանու անդամները հայտարարգրեն իրենց ծախսերը, քանի որ ավագանու անդամ դառնալուց հետո իրենց կյանքի որակը, ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից։

«Սա ևս նպաստելու է, որ մենք առանց այն էլ թույլ տեղական ինքնակառավարման ինստիտուտինմեծ վնաս հասցնենք։ Խնդրում եմ, առաջարկում եմ վերանայել ավագանու անդամների մասով նախագծի դրույթները», -նշեց պատգամավորը։
Հիշեցնենք՝ կառավարության ներկայացրած այս նախագծով, առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, ապա այդ ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը։
Օրենսդրական փաթեթով սահմանվում է, որ սպառիչ թվարկված ծախսերը հետևյալն են՝ հանգստի համար կատարված ծախսերը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման համար վճարվող վարձավճարները, ինչպես նաև՝ վարկի մարմանն ու անշարժ գույքի վերանորոգմանն ուղղված ծախսերը։
Նախարարը տեղեկացրել էր նաև, որ ընդհնարապես, որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, ենթակա կլինի հայտարագրման։

  • Կիսվել: