Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. վարչապետ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու այլ հարցերի: Հեռուստաընկերության կողմից ներկայացված անոնսում վարչապետը նշել է, որ իշխանության ցանկությունն անկախ դատական համակարգ ունենալն է: «Մենք ուզում ենք անկախ դատական համակարգ, մենք չենք ասում ուզում ենք մեզնից չկախված դատական համակարգ, որը շարունակելու է կախված լինել կոռուպցիոն համակարգից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաեւ ընդգծել է, որ ատելությանք քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»:
Պետրոս Ղազարյանը նաեւ հարցրել է, թե արդյո՞ք լավացել է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո: Անոնսում ընդգրկված հատվածում վարչապետը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ: Ի՞նչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ վերադառնալ»:
Հիշեցնենք, որ վարչապետի հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր, ժամը 22:00-ին: