ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Դուք բերել, այստեղ մարդու եք նստեցրել, որն ընտանիքի անդամների է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Դուք բերել, այստեղ մարդու եք նստեցրել, որն ընտանիքի անդամների է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն իր այսօրվա ելույթում նշեց, որ ողջունում է գործընկերներին, հայ զինվորների մահը ողջունող սրիկային (նկատի ունի պատգամավոր Էդգար Ղազարյան - խմբ.), ապա դիմեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանին և ասաց՝ նա լիովին արդարացնում է իր հեղինակությունը որպես այդպիսին:

Ալեքսանյանը, մասնավորապես, նշեց. «Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջին 2-3 տարում, ի դեպ, շեշտեմ, որ ոչ միայն մեր խմբակցությանը, այլև «Հայաստան» խմբակցությանն էլ էր տենց, տներով մտել դուրս է եկել ամենավերջին սրիկայի պես, ընտանիքի ապաքաղաքական անդամներին անձնապես վիրավորել է: Էդ մարդու վերջին հետագիծը վերջին երկու տարվա եղել է դա` մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելը»:

Դիմելով Արամ Վարդևանյանին՝ ասաց, որ Ղազարյանը պետք է ներողություն խնդրի  մեր քաղաքացիներից՝ այդ պերսոնաժի՝ այստեղ հայտնվելու համար:

Ըստ Ալեքսանյանի՝ ինքը չի էլ ուզում հիշեցնել՝ ինչեր է ասել «Հայաստան» խմբակցության հասցեին:

«Տարել «Հայաստան» խմբակցությանն էլ մոտիկ եք նստեցրել, չեմ իմանում՝ ինչ է լինելու վերջը»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին: 

Ապա, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ Ալեքսանյանը նկատեց՝ ՔՊ խմբակցությունում չկա մարդ, որը նրանց՝ քաղաքականության մեջ չներգրավված ընտանիքի անդամներին մի թթու տառ ասեր:

«Չկա տենց մարդ, հասկանո՞ւմ եք, պարոն Կարապետյան: Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել»,- նշեց Ալեքսանյանը:

ԱԺ փոխնախագահի աչքից չվրիպեց նաև այն, որ ընդդիմադիրները, այդ թվում՝ Արամ Վարդևանյանը, ԱԺ նիստերի դահլիճում գտնվում են առանց փողկապի:

«Կարո՞ղ է մտածում եք՝ Ազգային ժողովը զոհասեղան է, կարող է, որովհետև մտածել եք՝ Էդգար Ղազարյանի կամ նույն ինքը՝ հայ զինվորների մահը կամեցող սրիկայի գործողությունները, որպես էդպիսին, պլանավորած էին»,- հարց հնչեցրեց Ալեքսանյանը: 

Նշենք, որ երեկ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր. «...Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (քեռու՝ պատերազմի ժամանակ զոհված թոռը - խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ էր արել նրան և նախազգուշացում հայտարարել. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:

Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել:

  • Կիսվել: