Իրանի և BRICS-ի միջև առևտրաշրջանառությունը կազմում է տարեկան 60 միլիարդ դոլար. իրանցի նախարար
Իրանի գյուղատնտեսության Ջիհադ նախարարը հայտնել է, որ երկիրը տարբեր տեսակի գյուղատնտեսական արտադրանք է արտահանել աշխարհի տարբեր երկրներ՝ 8 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով:
Pars Today-ը, վկայակոչելով IRNA-ին, հայտնում է, որ Ղոլամռեզա Նուրին հինգշաբթի օրն անդրադառնալով արտահանման նոր շուկաներ գտնելու ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերին, նշել է, որ այդ հիմքով անհրաժեշտ է իրանական գյուղատնտեսական արտադրանքի համար նոր արտահանման շուկաներ ստեղծել։
Նա բավարար է գնահատել Իրանի գյուղատնտեսության ոլորտի արտաքին առևտրի ծավալը, չնայած պատերազմական և բարդ պայմաններին, և ասել, որ 8 միլիարդ դոլարի արտահանման դիմաց իրականացվում է 15 միլիարդ դոլարի ներմուծում։
Նուրին հավելել է, որ Իրանում արտադրվում է շատ ավելի անվտանգ գյուղատնտեսական արտադրանք, քան շատ այլ երկրներում, իսկ արտահանումն իրականացվում է Ռուսաստան և եվրոպական երկրներ, որտեղ գործում են ամենախիստ կանոնակարգերը։ Նրա խոսքով՝ իրանական արտադրանքը ստանում է այդ շուկաներ մուտք գործելու թույլտվություն։
Միևնույն ժամանակ, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության առևտրային ծառայությունների գծով փոխնախագահ Մոհամմադ Ղանադզադեն հայտարարել է, որ Իրանի և BRICS-ի անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է մոտ 60 միլիարդ դոլար։ Նրա խոսքով՝ այդ երկրներին բաժին է ընկնում Իրանի արտահանման 23 միլիարդ դոլարը, իսկ BRICS-ի անդամ երկրներից Իրան է ներմուծվում 37 միլիարդ դոլարի ապրանք։
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության առևտրային ծառայությունների գծով փոխնախագահը նշել է, որ օրակարգում է BRICS-ի անդամ երկրների համագործակցությունն Իրանի հետ՝ տրանսպորտային միջանցքների, առևտրի դյուրացման, մաքսային և ստանդարտների ոլորտում համակարգման, ինչպես նաև վճարային մեխանիզմների ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ առևտրային գործարքներում ազգային արժույթների օգտագործումը նույնպես նախորդ տարիներին քննարկված հարցերից է եղել, սակայն այժմ քննարկվում է դրա համար գործնական և կիրառելի մեխանիզմների ստեղծումը։



