շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ասում են՝ մենք բանավիճելու բան չունենք, բա ի՞նչ եք ափռ-ցփռ դուրս տալիս, որ բանավիճելու բան չունեք․ Փաշինյան

Ասում են՝ մենք բանավիճելու բան չունենք, բա ի՞նչ եք ափռ-ցփռ դուրս տալիս, որ բանավիճելու բան չունեք․ Փաշինյան

Այսօրը 10 տարի առաջվա ապագան է, Արարատի մարզում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր, ժողովուրդ, ուզում են ամեն ինչ անել, որ ձեզ հուսահատեցնեն, մեզ կոտրեն։ Ասում են՝ տեսեք, երբ որ էն ժամանակ դուք ոչ ընտրում էիք, ոչ որոշում էիք, բայց Հայաստանի անվտանգությունը վտանգված չէր, Ղարաբաղը, տարածքները կային, այսպիսի անվտանգային խնդիրներ չկային։ Ես ուզում եմ, որ դուք իրադրությունը սխալ չգնահատեք, որովհետև այսօրը 10 տարի առաջվա ապագան է։ Էն, ինչ մենք էսօր քաղում ենք, այն է, ինչ ցանվել է 10-15 տարի առաջ։ Երբ մարդիկ ժամանակին Ղարաբաղը դուրս էին թողնում բանակցային գործընթացից, երբ Մեղրիի տարբերակ էին բերում դնում ԱԽ նիստին քննարկելու ու դրանից մի ամիս հետո հոկտեմբերի 27 էր տեղի ունենում, երբ Հայաստանը գնում էր Եվրոպայում անվտանգության խարտիա էր ստորագրում, որի արդյունքում ճանաչում էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանում․․․»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ նախորդ իշխանությունների օրոք չի էլ վիճարկվել տարածքների վերադարձի հարցը, մի բան էլ Մեղրի էին ուզում տալ։

«Գնում էին ամենատարբեր գործարքների, ու էդ մարդիկ եկել են էսօր մեզ ուզում են դավաճանության մեջ մեղադրել։ Ասում եմ՝ շատ լավ, էդ որ գոռում եք՝ Նիկոլ, դավաճան, հողատու, կապիտուլյանտ, հիմա կանգնեք ժողովրդի առաջ, բացատրեք, ասեք՝ ինքը դավաճան է, որովհետև արել է՝ էս, էս, էս։ Ասում են՝ 5000 մարդ տարավ կոտորեց։ Էսօր Ադրբեջանի նախագահը նայում է, ասում է՝ փաստորեն, ես չեմ սպանել։ Փաստորեն էս մարդիկ ասում են՝ Հայաստանը պատերազմական հանցագործություններ է գործել Ադրբեջանի դեմ և ասում են՝ մեր երիտասարդներին տարավ կոտորեց։ Հիմա Ադրբեջանը նայում ասում է՝ սրանք ինչ լավ ընկերներ են։ Փաստորեն Ադրբեջանի զորքը հայ չի կոտորել, հայերին բոլորին կոտորել է Հայաստանի վարչապետը, դուք հասկանո՞ւմ եք սա ինչ է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց ընդդիմադիրներին մասնակցել ուղիղ եթերի բանավեճին։ «Եվ կտեսնենք ով է հողատու, ով է դավաճան, ով է կապիտուլյանտ, ով է մարդասպան։ Ասում են՝ մենք բանավիճելու բան չունենք։ Բա ի՞նչ եք ափռ-ցփռ դուրս տալիս, որ բանավիճելու բան չունեք։ Էդ շատ հեշտ է աղջիկ լրագրողի դեմը կանգնել, խոսել։ Եթե վստահությունդ չի հերիքում տղամարդկային, կարաս էդ բանավեճին էդ աղջկան էլ հետդ բերես, կամ էլ մի քանի աղջկա էլ բերես»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: