երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասկերանում ուժ չի կիրառվել, մարդկանց հետ խոսել են, համոզվել ու բացել են ճանապարհը բեռների համար. Աբրահամյան

Ասկերանում ուժ չի կիրառվել, մարդկանց հետ խոսել են, համոզվել ու բացել են ճանապարհը բեռների համար. Աբրահամյան

Գիտեք, որ վերջին ժամանակներս Արցախի տարբեր քաղաքացիներ, տարբեր խմբերով Ասկերանի մոտ ակցիաներ են իրականացրել եւ պահանջները տարբեր են եղել. մի մասի պահանջը եղել է այն, որ Ակնա-Ստեփանակերտ երթուղու բացումը պետք է ենթադրի նաեւ Լաչինի միջանցքի բացում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Ակնայից Ստեփանակերտ է հասել ռուսական հումանիտար օգնությամբ բեռնատարը:

Նրա խոսքով, Արցախի իշխանությունները հենց տեղում՝ Ասկերանում, մի քանի անգամ խոսել են այն քաղաքացիների հետ, որոնք ունեցել են պահանջներ, եւ մեծ թվով հարցեր, որոնք ենթադրում էին պատասխաններ: «Այս ընթացքում նրանց հետ հանդիպումներ ունեցել է եւ Արցախի նորընտիր նախագահը, զուգահեռաբար խորհրդարանական տարբեր ուժերից են ներկայացվել: Ընդհանուր առմամբ, այս որոշումն ունի Արցախի հիմնական ուժերի համաձայնությունը եւ կոնսենսուսը: Սրա հիմքում Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է: Կոնկրետ այսօր ոչ մի ուժի կիրառում չի եղել, սկզբնական շրջանում այնտեղ հավաքված մարդիկ փորձել են ստանալ իրենց հարցերի պատասխանները: մարդկանց իրավիճակը ներկայացրել են եւ նրանք կարճ ժամանակ հետո ճանապարհը բացել են: Եթե ուժի միջոցով բացեին, տեսանյութեր, լուսանկարներ կլինեին: Ես իմացել եմ, որ կարճ ժամանակ փակ է պահվել ճանապարհը, մինչեւ նրանց պարզաբանվել է, թե ինչ է տեղի ունենում, եւ դրանից հետո առանց որեւէ ուժի գործադրման ճանապարհը բացվել է»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ ավելի վաղ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։

  • Կիսվել: