ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշխատակիցների մի մասը այլ հիվանդանոցում աշխատանքի կտեղափոխվի. Նորքի ինֆեկցիոնի փոխտնօրեն

Աշխատակիցների մի մասը այլ հիվանդանոցում աշխատանքի կտեղափոխվի. Նորքի ինֆեկցիոնի փոխտնօրեն

Առողջապահության նախարարությունն ու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրինությունը քննարկումներ են անում, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունք բացվի այլ հիվանդանոցում եւ կոլեկտիվի մի մասը, չեմ կարող ասել՝ որքան մասը, տեղափոխվելու է այնտեղ աշխատելու:  Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, Ինֆեկցիոն կենտրոնի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը:

«Դա կարող է լինել Մալաթիայում կամ Մասիվում, հիվանդանոցներից մեկում: Մինչեւ որ շենքը վերապրոֆիլվորվի, հասկանան եւ վերադառնանք էլի բնականոն ընթացքով աշխատենք:

Եթե թեկուզ ժամանակավոր գնում են այլ հիվանդանոցում աշխատելու, իրենք արդեն այդ հիվանդանոցի աշխատակից պետք է լինեն, ոչ թե Ինֆեկցիոն հիվանդանոցի, դրա համար այդ պրոցեսը գնում է: Քանի որ վերջնական հստակ որոշում չկա, մենք չենք կարող իրենք ասել՝ գիտեք, դուք այստեղից դուրս եք գալու, գնալու ենք այնտեղ աշխատելու»,-ասաց նա:

Աշխատակիցների հարցին, թե այդ դեպքում ինչու են իրենց ստիպում ազատվել իրենց դիմումի համաձայն, փոխտնօրենը պատասխանեց, որ այդ հարցը կճշտի իրավաբանի հետ, ինքը տեղյակ չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նՆրքի ինֆեկցիոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ նշելով, որ հաստատությունում կրճատումներ են անցկացվում:

  • Կիսվել: