հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երեւանի քաղաքապետարանում աշխատակիցների թվի կրճատում կիրականացվի

Երեւանի քաղաքապետարանում աշխատակիցների թվի կրճատում կիրականացվի

Երեւանի քաղաքապետարանի Մարդկային ռեսուրսների վարչությունում աշխատակիցների թվի կրճատում կիրականացվի. 15 աշխատակցից կմնա 12-ը։ Այս մասին որոշումը հունիսի 21-ին ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստում։

Բարեփոխումը նախատեսում է նաեւ էլեկտրոնային պլատֆորմի ներդրում։ Նշվել է, որ խնայված միջոցների ծավալը կկազմի տարեկան մոտ 8 մլն դրամ (մոտ 20 հազար դոլար)։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մինասյանը կասկած է հայտնել, թե կրճատման դեպքում հաճախ ազատում են փորձառու եւ պրոֆեսիոնալ կադրերին եւ նշանակում անտեղյակ մարդկանց։

Ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրել է, որ «Mulberry» համակարգի ներդրմամբ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության վերահսկողությունն ուժեղացել է։ Միեւնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Երեւանի քաղաքապետարանին կից գործելու է քարտուղարություն երեք բաժնով (քաղաքացիների սպասարկման, ընդհանուր եւ արխիվային գործերի բաժիններ), որտեղ կաշխատի 59 մարդ։ Դա, նրա գնահատականով, թույլ կտա քաղաքացիներին սպասարկել էլ ավելի բարձր մակարդակով։

«Կառավարող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անահիտ Ասատրյանը ճշտել է, որ 2018թ. ընտրություններից հետո Երեւանի քաղաքապետարանում 1 305 մարդ սեփական ցանկությամբ հեռացել է պաշտոններից։

  • Կիսվել: