ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխարհը պետք է իմանա, որ խաղաղության օրակարգից բացի մեզ համար արժանապատվության կարմիր գծեր կան. Գեւորգյան

Աշխարհը պետք է իմանա, որ խաղաղության օրակարգից բացի մեզ համար արժանապատվության կարմիր գծեր կան. Գեւորգյան

Աշխարհը պետք է իմանա, որ խաղաղության տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատվության կարմիր գծեր կան: Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

«Ինչի մասին պետք է մենք խոսենք արտաքին աշխարհի հետ:

Երեք թեմա, որոնք երկրներն այսօր ակնհայտորեն առաջ են քաշում արտաքին հարաբերություններում. խաղաղության օրակարգը տարածաշրջանում, Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական բնույթը եւ ընդդիմություն-ռեւվանշիստները:

Նախապատերազմական Հայաստանի այսպես կոչված՝ ժողովրդավարական բնույթը չի կանգնեցրել ավտորիտար Ադրբեջանի ագրեսիան եւ չի կանխել հազարավոր մարդկանց մահը: Արդյո՞ք հետպատերազմական Հայաստանի այսպես կոչված՝ ժողովրդավարական բնույթը նոր, ավելի գլոբալ ազգային աղետի պատճառ կդառնա:

Հայաստանի ժողովրդավարական կերպարն անհրաժեշտ է առավելագույնս օրինականացնելու համար բոլոր ապագա հակահայկական որոշումները, որոնք իրենց էությամբ ուղղված են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն եւ Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը: Իսկ երկրի ներսում ավտորիտարիզմի ամրապնդման վրա աչք կփակեն, որպեսզի գործող իշխանությունները կարողանան ապահովել ընդունված հակահայկական որոշումների իրականացումը:

Միջազգային հանրությունը պետք է տեսնի եւ լսի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այլ կերպ են ընկալում հետպատերազմական իրականությունը եւ տարածաշրջանում համագործակցություն ու երկխոսություն հաստատելու եղանակները: Եվ դա ռեւանշիզմ չէ, այլ ձգտում՝ վերականգնելու եւ պահպանելու ազգային արժանապատվությունը:

Երկրի սահմաններից այն կողմ մեզ ասում են. ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը խոսում են խաղաղության, նոր հնարավորությունների մասին, եւ մենք չենք կարող չաջակցել այդ երկխոսությանը: Այդ գործընթացի անտեսանելի մասում ակնհայտ են հակառուսական շարժառիթները:

Իսկ ինչի՞ մասին ենք այսօր խոսում միջազգային հանրության հետ:

  • Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի առկայության մշտական հերքման եւ բանակցային գործընթացի մասին, ինչը անհարգանք է միջազգային հանրության հանդեպ: Աշխարհը պետք է տեսնի եւ իմանա տարածաշրջանում տիրող իրական վիճակի եւ Ադրբեջանի՝ հայերին Ղարաբաղից դուրս հանելու քաղաքականության մասին. գազատարի պայթեցում, նոր դիրքերի գրավում, մշտական սադրանքներ, մշակութային եւ կրոնական ժառանգության վերացում: Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնորոշումը  թյուրքական կոալիցիայի համար նշանակում է «Ղարաբաղ՝ առանց հայերի»:

 

  • Ինչպե՞ս բանակցություններ վարել եւ աշխատել մի պետության հետ, որն ապօրինաբար պահում է մեր քաղաքացիներին եւ օկուպացրել է մեր տարածքները: Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղությունը, եթե այն ձեռք է բերվել՝ ատրճանակի սպառնալիքի ներքո:

 

  • Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում Ղարաբաղում միջազգային հումանիտար կամզակերպությունների աշխատանքին՝ իրավիճակին տեղում օբյեկտիվ եւ ադեկվատ գնահատական տալու համար: Օրինակ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատարը չի կարող մեկնել Ղարաբաղ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

 

  • Այդքան հեշտ հնարավո՞ր է հրաժարվել այն ամենից, ինչ ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում արված աշխատանքով: Ինչո՞ւ է Արեւմուտքը հենց հիմա սկսել առաջարկել, որ Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում: Որքանո՞վ է արդարացի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հրաժարվի ինքնորոշման իր իրավունքից:

 

  • Ի՞նչ կլինի, եթե արդարադատության միջազգային դատարանը որոշի, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, ռասիստական պետություն է, եւ որ հայերը դրանից հետո պետք է ինքնորոշման հարցը լուծեն դրա կազմում: Ինչո՞ւ է պահանջվում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նախքան դատարանի որոշումը: Պատրաստ է արդյո՞ք Եվրոպան պատասխանատվություն ստանձնել, որ Ղարաբաղի հայերը նույն ճակատագրին չեն արժանանա, ինչ Արեւմտյան Հայաստանի հայերը:

 

  • Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացնել խելամտորեն, չշտապելով, հաշվի առնելով մեր շահերն ու հնարավորությունները: Սակայն կրկին այն պայմանով, որ բոլոր գերիները պետք է վերադարձվեն, իսկ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Իրական միջազգային երաշխիքներ են պետք՝ ստիպելու Ադրբեջանին կատարել ապագա որոշումները:

 

  • Ի՞նչ նպատակով է շարունակվում Ադրբեջանի զինումը: Տեսնում է արդյո՞ք միջազգային հանրությունը, թե ինչ ծավալներով է Ադրբեջանը նոր սպառազինում գնում: Ինչի՞ համար է դա, եթե նրանք ելնում են նրանից, որ Ղարաբաղի հարցն իրենց համար փակ է: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զինվել ու ամրապնդել իր զորքերը, իսկ Հայաստանը՝ ոչ:

 

  • Իսկ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում Ղարաբաղի հարցով այսօր հնարավոր չէ հեռանալ 20-ականների բոլշեւիկյան (լենինյան) ազգային քաղաքականության պատմական սխալների ընդհանրությունից:  

Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ թյուրքական էքսպանսիան տարածաշրջանում հանգեցրել է նրան, որ կրճատվում է արմատական հայ բնակչության թվաքանակը տարածաշրջանում: Աշխարհը պետք է իմանա, որ խաղաղության տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատվության կարմիր գծեր կան»,- գրել է Արմեն Գեւորգյանը:

  • Կիսվել: