կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Աշխարհում այսօր աճուրդ է գնում, թե ով կգնի Հայաստանը. Արմեն Աշոտյան

Աշխարհում այսօր աճուրդ է գնում, թե ով կգնի Հայաստանը. Արմեն Աշոտյան

Այսօր պայքար է մղվում ժողովրդի կողմից հանուն ազգային օրակարգի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի ապագայի, հանուն բոլորիս երեխաների: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀԿ-ի առաջնորդած անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, այսօր խնդիրը Նիկոլի հեռացումն է. «Այն անբարոյական բանդայի, որ զավթել է մեր երկրի ղեկը, այն անբարոյական բանդայի, որ նայում է ձեր աչքերին ու ստում է, խաբում է, սպանում է մեր երեխաներին, ծախում է մեր հայրենիքը:

Այսօր հետքը հոդված է հրապարակել, ըստ որի 3200 հա հող ՀՀ-ի սուվերեն տարածքից մենք նորից կորցրել ենք: Դրա մասին մեզ չէին ասում: Մինչեւ մենք էստեղ Նիկոլ-Նիկոլ ենք խաղում, Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն աշխարհի ամենակարեւոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը: Հիմա աշխարհը կռիվ է տալիս, որ եթե այդ անբորայականը դեռ ղեկավարում է Հայաստանը, ու Հայաստանը վաճառվում է, ո՞վ կգնի Հայաստանը ամենաէժան գնով, էդ կռիվն է գնում: Աշխարհում աճուրդ է գնում, թե ով կգնի Հայաստանը:

Հարգելի արտասահմանյան գործընկերներ, ես հասկանում եմ, որ նախեւառաջ մենք ենք մեղավոր, որ էդ սրիկան դեռեւս վարչապետ է, մենք ենք մեղավոր, էդ ոչնչությունը դեռեւս ներկայացնում է հայ ժողովրդի շահերը:Նա իրականում չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը: Հայաստանը չի վաճառվում, Արցախը չի վաճառվում, չփորձենք գնել, որովհետեւ հետո փոշմանելու եք: Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն Հայաստանում, հետեւաբար, իր հետ կնքած ցանկացած գործարք առոչինչ է լինելու»,-հայտարարեց Աշոտյանը:

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

  • Կիսվել: