շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան

Արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան

Արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք և կրելու ենք: Այս մասին երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

՛՛Ես չեմ համարում, որ 17 կուսակցությունների մոտ չի ստացվել հեռացնել իշխանությանը, ես համարում եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ խնդիրը հետևյալն է՝ իշխանափոխությունը լինի լեգիտի՞մ ճանապարհով, թե՞ հեղափոխության ճանապարհով:

՛՛Եթե մարդիկ մի քիչ ամոթի զգացում ունենային, սեր ժողովրդի նկատմամբ , պետք է հրաժարական տային , չարեցին: Լեգիտիմ ճանապարհը շատ պարզ էր, ընդամենը 20-25 պատգամավոր, եթե ունենային հայրենասիրություն, պետք է դուրս գային այդ խմբակցությունից, չարվեց, սա է այսօր մեր գործող քաղաքական էլիտայի որակը՝ բոլորին մեղադրում էին պաշտոնների ձգտման համար, բայց իրենք իրենց սուպերկլեյով կպցրել են աթոռներին՛՛,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Ըստ նրա՝ 17-ի հիմնական մոտիվը եղել է ճնշումն անել լեգիտիմ ճանապարհով, և իշխանությունը պետք է ուրախ լինի, որ կա այսպիսի քաղաքական գործընթաց. ՛՛Երկրորդ հեղափոխությունը ևս պրոբլեմատիկ է լինելու երկրի համար, բայց կրկնում եմ՝ այստեղ հույսերը կտրվեն, լինելու է հեղափոխական ճանապարհով: Եղանակները կտաքանան, այդ ալիքն ավելի մեծ ուժգնությամբ ունենալու ենք: 17 կուսակցությունը փորձել են դա անել լեգիտիմ ճանապարհով, և չի ստացվել՛՛:

Քոչարյանի խոսքով՝ որոշակի ձեռքբերում է այն, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է խոսում արդեն իշխանությունը: Ըստ նրա՝ եթե 17-ը չլինեին, երբեք արտահերթ ընտրությունների մասին խոսք չէր լինի, սակայն, Քոչարյանի խոսքով, իրական ձեռքբերում կլիներ այն, որ արտահերթ ընտրություններ հայտարարեն, և ներկայիս վարչապետը վարչապետ չլինի այդ ընթացքում:

ՀՀ երկրորդ նախագահ նաև կարծում է, որ արտահերթ ընտրություններին պետք է մասնակցել, քանի որ չի կարելի հանրությանը մենակ թողնել այս իշխանության հետ: Հարցին՝ ինքը մասնակցելու՞ է, Քոչարյանը պատասխանեց. ՛՛Այո, մասնակցելու ենք և կրելու ենք՛՛:

  • Կիսվել: