չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող համապատասխան տեղեկանքը 2018-ին ներկայացվել է ԱԺ. նախագահի աշխատակազմ

Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող համապատասխան տեղեկանքը 2018-ին ներկայացվել է ԱԺ. նախագահի աշխատակազմ

Վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2018-ին ներկայացվել է Ազգային ժողով։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գլխավոր դատախազությունը նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործ է հարուցել։ Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի՝ արդյոք Հայաստանի նախագահը 2018-ի ընտրության ժամանակ ներկայացրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու մասին փաստաթղթեր, թե ոչ։

Վերջերս ավելի քան 50 փաստաբաններ այս հարցով դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Այժմ գլխավոր դատախազությունը վերացրել է Հատուկ քննչական ծառայության այս մերժումը և քրեական գործ հարուցել` փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հոդվածով։

«Ազատության» հարցմանն ի պատասխան նաև նշում են` նախագահը և նախագահի աշխատակազմը բազմիցս անդրադարձել են այս թեմային, ուստի, հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։

  • Կիսվել: