երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմեն Ռուստամյանը «հերթական արկածախնդրություն» է համարում Արարատ Միրզոյանի`  ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին չմասնակցելը

Արմեն Ռուստամյանը «հերթական արկածախնդրություն» է համարում Արարատ Միրզոյանի` ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին չմասնակցելը

 Այս արկածախնդրությունը վաղուց է սկսվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի չմասնակցելուն։ 

«Մենք բազմիցս ասել ենք` կարելի է հազար հարցով դժգոհել ՀԱՊԿ-ից, դժգոհել մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարվում են քայլեր, որոնք նշանակում են վեկտորի  փոփոխություն, նշանակում են Ռուսաստան-Միավորված Արևմուտք պատերազմը տեղափոխել Հայաստան»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայաստանի համար:

«Խոսում են, թե սա փոխարինում չէ մեկը մյուսով, դիվերսիֆիկացիա է,  բայց դիվերսիֆիկացիա նշանակում է նաև որոշակի քայլեր կատարել այլ ուղղությամբ: Օրինակ, ի՞նչն է խանգարում գնալ այդ նիստին ու քեզ հուզող հարցերը բարձրացնել: Կարծում եմ` պահանջ է  դրված, որ Հայաստանը պետք է միանա հակառուսական ճակատին, ու այդ խնդիրը «բարեհաջող» իրականացնում է այսօրվա իշխանությունը»,- ընդգծեց Ռուստամյանը:

  • Կիսվել: