երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է․ Գեղամ Մանուկյան

Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է․ Գեղամ Մանուկյան

Անվտանգության խորհուրդն իր քարտուղարով դարձել է ՀՀ-ում Թուրքիայի դեսպանատուն, իսկ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է։ Այս մասին ՀՅԴ-ականների՝ Անվտանգության խորհրդի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Մարդ և կառույց, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել են գործիք՝ հայ ժողովրդի հիշողությունը, պայքարը, 1,5 միլիոն նահատակներին ուրանալու և Էրդողանի ու Թուրքիայի գիրկն ընկնելու համար։ Այդ մարդիկ իրավունք չունեն զբաղեցնել որևէ պետական պաշտոն, նրանք պետք է դուրս նետվեն պետական համակարգից, քանի Արցախյան պատերազմում տանուլ տալուց հետո հստակ քայլերով ՀՀ-ին նետում են Թուրքիայի գիրկը։ Ալիևը քիչ էր, հիմա արդեն Էրդողանն է»,-հայտարարեց Մանուկյանը։

Ըստ նրա՝ նոր չէ, որ գործող իշխանության կողմից վարվում է այս քաղաքականությունը։ «Դեռ երկու տարի առաջ ջահերով երթից հետո «նիկոլականներից» մեկն սպառնացել էր, որ քրեական գործ պետք է հարուցել Թուրքիայի դրոշը վառողների դեմ։ Արդեն երկու տարուց ավել է՝ այդ իշխանություններն իրենց քաղաքականությամբ, ամենօրյա գործունեությամբ մոռացության են տալիս հայության հիշողությունը, ինչն անհնար է լինելու»,-ասաց նա։

Գեղամյանի խոսքով՝ պետական աշխատանքը, աշխատավարձը համայնքներում, Անվտանգության խորհրդում մարդկանց ստիպում են ուրանալ իրենց նախնիների հիշատակը։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային ՀԸ եթերում խուսափել է պատասխանել հարցին՝ Թուրքիան ՀՀ թշնամի՞ն է, թե՞ ոչ՝ նշելով, թե պետք է մոտեցումներում որոշակի շտկումներ անել։

  • Կիսվել: