կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը՝ ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը՝ ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
 
Կողմերը ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Երկուստեք կարևորեցին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:
 
Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը՝ հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը:
 
Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:
 
Հանդիպման ընթացքում հաստատվեց Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021-2022 թթ. համագործակցության պլանը:
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:

  • Կիսվել: