Արման ԲԱբաջանյանը դեմ է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախաձեռնությանը
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեմ է Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելուն։ Պատգաավորի համոզմամբ ավելի կարևոր է քննարկել բանակին և արդարադատությանն առնչվող հարցերը։
«Ո՞վ է ձեզնից այն անմեղը, որն այս օրակարգն է բերել ԱԺ, թող նետի այդ քարն առաջինը: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ ձեր աչքի միջի ճյուղը ընդունակ չեք եղել տեսնել, բայց տեսնում եք դիմացինի աչքի գերանը: Ձեզ թվում է, թե Արցախյան պատերազմից հետո սա օրակարգային ամենակարևոր հա՞րցն է, որ պետք է քննարկվի այստեղ, և դուք կարծում եք, որ հարկատուները դրա համա՞ր են մեզ փող տալիս, կարծում եք, թե տարեմուտից առաջ ամենաշատը համերաշխության մասին խոսելու փոխարեն մենք այս հա՞րցը պետք է քննեինք: Ես շատ ավելի պետք է ուզեի, որ ձեր մեծամասնությանը հանձնված հանձնաժողովների հարցերը քննարկեինք առհասարակ, ոչ թե գրառումների բովանդակությունը քննելու տեսանկյունից, այլ այդ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության, զբաղվածության։
Գուցե պետք է քննարկեինք հենց այդ հանձնաժողովների ղեկավարների հարցը, իսկ Զոհրաբյանը մեկ ավել, մեկ պակաս գրառում է կատարել, դրանից ընդհանուր մթնոլորտը ավելի վատը չի դարձրել: Բանակ և արդարադատություն՝ դրանք են կարևոր երկու առաջնահերթությունները, որոնք պետությունը պետք է ապահովի քաղաքացիների համար»,- ընդգծեց Բաբաջանյանը: