երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Սփյուռքի համար ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու արգելք չկա․Սինանյան․ «Հրապարակ»

Սփյուռքի համար ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու արգելք չկա․Սինանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները վերջին շրջանում առաջ են տանում այն թեզը, որ սփյուռքի հայերն իրավունք չունեն խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ սփյուռքահայերն իրավունք ունե՞ն խառնվել Հայաստանի ներքաղաքական գործերին։
«Ի՞նչ է նշանակում՝ խառնվել Հայաստանի քաղաքական գործերին, նայած դա ասելով ինչ ենք հասկանում։ Բոլոր մարդիկ կարծիք ունենալու եւ դա հայտնելու իրավունք ունեն՝ անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, ուրիշ հարց է, որ մարդիկ չեն բնակվում այստեղ, իրենց ապագան, իրենց երեխաների ապագան չեն կապում երկրի հետ եւ պահանջում են, որ Հայաստանում այլ իշխանություն լինի։ Դեմոկրատական երկիր է, մարդիկ քվեարկում են, որոշում են, թե ով է կառավարելու երկիրը, եւ, փառք Աստծո, վերջին երկու անգամը դա ժողովրդավարական սկզբունքներով է իրագործվել, եւ մեխանիզմն աշխատում է»,- պատասխանեց Սինանյանը։

- Այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացի չեն, չե՞ն կարող իրենց հայրենիքի ճակատագրով մտահոգվել։

-  Կարող է մտահոգվել, ես նշեցի, որ դրա իրավունքը բոլորն ունեն։

- Մտահոգությունն ամփոփվում է նրանում, որ պահանջում են օրվա իշխանությունների հրաժարականը։

- Դրա համար ասում եմ, որ ես չգիտեմ, Դուք ասում եք, որ նման արտահայտություն է տեղի ունեցել, ամեն ինչ մանրուքների մեջ է, կոնկրետ ի՞նչ արտահայտություն է եղել, ինչի՞ մասին է կոնկրետ խոսել։ Եթե, օրինակ, խոսքը գնում է այն մասին, որ Ֆրանսիայի քաղաքացին գալիս, բեմի վրա կանգնում է ու որեւէ քայլի կոչ է անում, դա մի բան է, իսկ երբ մեր հայրենակիցն ասում է՝ ես մտահոգված եմ Հայաստանի ճակատագրով, ու այս բանը սխալ է արվում, դա լրիվ այլ բան է։

- Այսինքն՝ առաջինն անելու իրավունք չունե՞ն։

- «Առաջինն անելու իրավունք չունեն»-ը ո՞րն է, բարոյական իրավունքը նույնիսկ չունի։

- Ինչո՞ւ։

- Որովհետեւ ինքը չի բնակվում այստեղ։

- Բայց այդ նույն մարդիկ պատերազմի ժամանակ մեծ գումարներ էին փոխանցում Հայաստանին, ստացվում է` գումար փոխանցել կարող են, բայց ներքաղաքական հարցերին խառնվել չե՞ն կարող։

- Խառնվել ասելով ի՞նչ եք հասկանում։

- Օրինակ, գա եւ հանրահավաքի ամբիոնից կոչ անի, որ գործող իշխանությունները հեռանան։

- Բայց բացատրեք, թե ինչո՞ւ մի մարդ, որն իր ապագան, իր երեխաների ապագան չի կապում այս երկրի հետ, նման կոչ պիտի անի։ Կամ՝ ինչո՞ւ է ասում, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը լավն է կամ փոխել է պետք, եթե փոխել է պետք, եղբայր, դու էլ արի, այստեղ բնակվի, դու էլ սկսի քվեարկել, փոխիր։

- Երբ 2018-ին Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը, չլինելով ՀՀ քաղաքացիներ, իրենց ու իրենց երեխաների ապագան Հայաստանի հետ չկապելով, բարձրանում էին ամբիոն ու կոչ անում մերժել Սերժին, դա է՞լ էիք սխալ համարում, թե՞ դա ընդունելի էր։

- Ընդունելի էր, որովհետեւ նրանք իրենց կարծիքն էին հայտնում եւ պարզապես իրենց աջակցությունն էին հայտնում համաժողովրդական շարժմանը, ուրիշ ոչինչ։

- Այդ դեպքում ֆրանսահայ Մուրադ Փափազյանը դրանից ավելի՞ ինչ էր արել, որ նրա մուտքը Հայաստան արգելեցին։

- Դա հին թեմա է, պետք է դիմեք ԱԱԾ-ին, որ նրանք կոնկրետ բացատրություն տան, որքան ես եմ հասկանում՝ ֆիզիկական ոտնձգություն է եղել մեր կառավարության ղեկավարի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նաեւ մեր պետական սիմվոլների նկատմամբ, շատ յուրահատուկ բան է տեղի ունեցել, իսկ նման բողոքի արտահայտություններ սփյուռքի կողմից շատ են լինում, հո չե՞ն արգելում նրանց Հայաստան գալ։

- Ստացվում է, որ մի դեպքում սփյուռքահայը կարող է իշխանափոխության կոչեր անել, երբ իշխանության գլխին Սերժ Սարգսյանն է, իսկ երբ Նիկոլ Փաշինյանն է, չի կարող, որովհետեւ ՀՀ քաղաքացի չէ։

- Դուք ասացիք, որ կառավարող խմբակցության հետ կապված անձնավորությունը կարծիք է հայտնել, ես ուզում եմ իմանալ, թե ինչ է ասել։ Որովհետեւ կարող է, թե չի կարող․․․, օրենքն արգելո՞ւմ է՝ ոչ, ես ասացի, որ բարոյապես մի քիչ անհասկանալի է, երբ որ ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել, ժողովուրդն ընտրել է այս իշխանությունը, այս իշխող թիմը, եւ մարդիկ կոչ են անում այս իշխող թիմին կախել, ինչ-որ վայրագության կոչ են անում, դա լրիվ այլ բան է։

- 2018-ին նման կոչեր չէի՞ն անում։

- Ես չգիտեմ, ես գիտեմ, որ հեղափոխությունը թավշյա էր, եւ, ինչպես գիտեք, ոչ ոքի չեն կախել։

- Իսկ նման մտքերը` որ սփյուռքը սա անելու իրավունքն ունի, սա` չունի, Հայաստանի ու սփյուռքի միջեւ պառակտում չի՞ մտցնում։

- Պառակտում չի մտցնում, իմ կարծիքով՝ սփյուռքում ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը հասկանում է, որ եթե, օրինակ, ես Երեւանում եմ այսօր բնակվում, չնայած որ նաեւ ԱՄՆ քաղաքացի եմ, ես կոչ չեմ անում ժողովրդին՝ այս կամ այն նախագահի օգտին քվեարկել կամ չքվեարկել, պատժել կամ չպատժել, որովհետեւ ես իմ երեխաների ապագան փորձում եմ կապել Հայաստանի հետ։ Ես սա որպես անալոգիա եմ բերում, որ մարդիկ, որոնք դուրսը ապրում են, օրինակ, Ռուսաստանի մեր հայերը, պատերազմից հետո կար մի զանգված, որ ասում էր՝ մենք պահանջում ենք, որ գանք, ընտրություններին քվեարկենք։ Ասում էի՝ շատ լավ, ինչո՞ւ, ձեր մոտիվացիան ի՞նչն է, գալու եք այստե՞ղ ապրեք, ձեր ապագա՞ն է լինելու Հայաստանը` եկեք, ապրեք, քվեարկեք, ո՞վ է ձեզ խանգարում։ Մի բան էլ ասեմ․ ցանկացած հայ այսօր կարող է դառնալ ՀՀ քաղաքացի` նույնիսկ շարունակել դուրսը բնակվել, բայց ընտրության օրը գտնվելով ՀՀ-ում՝ քվեարկել, նույնիսկ այդ իրավունքը մեր հայրենակիցներին տրված է սփյուռքում, եւ արգելք՝ մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին, չկա սփյուռքի համար: Բայց եթե դրանից ավել է, ապա բարոյական իրավունքի հարց է առաջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: