Արդյունավետ հանդիպում անցկացրինք. Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավորը՝ հայկական պատվիրակության հետ հանդիպման մասին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեր թուրքական խմբի հետ հանդիպեցինք Գլխավոր ասամբլեային մասնակցած հայկական պատվիրակության հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Սելամի Ալթինոքը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք արդյունավետ հանդիպում անցկացրինք՝ նվիրված հարևան երկրների հետ մեր երկրի հարաբերություններին։ Հուսով եմ՝ հանդիպումը օգտակար կլինի երկու երկրների համար»:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում անցկացվել է Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։
«Տարածաշրջանում ճանապարհների և այլ ենթակառուցվածքների արագ ապաշրջափակման և տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը երկուստեք նշվել է», - ավելի վաղ հայտնել էր «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։