Արդյոք լավ շարժառիթ է քաղաքացու համար, որ նա ոչ թե պահանջի ՀԴՄ կտրոնը և ստանա, այլ չպահանջի ու գաղտնի նկարի. Մասնագետը տարակուսած է վարչապետի առաջարկից
Այսօր կառավարության նիստում ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը տարակուսանք է առաջացրել տնտեսական ոլորտի մասնագետների շրջանում:
Հիշեցնենք՝ այսօր կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու մասին:
Նա նշել էր, որ Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ:
«Կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է», – ասել էր Փաշինյանը:
Նա հիշեցրել էր նաև, որ այս փորձն արդեն կիրառվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ոլորտում: Վարչապետի այսօրվա առաջարկից հաշվապահական գործունեություն իրականացնող Էդուարդ Բադալյանի մոտ հարց է առաջացել՝ արդյոք տեսանկարահանումը լավ շարժառիթ է քաղաքացու համար, որ նա ոչ թե պահանջի ՀԴՄ կտրոնը և ստանա, այլ չպահանջի ու գաղտնի նկարի: Նախ՝ նա կարծում է, որ ՀԴՄ-ների թեման անընդհատ արծարծելը արհեստական է դառնում, քանի որ արդեն իսկ այդ հարցում «հեղափոխական փոփոխություններ» կատավել են:
«ՀԴՄ-ների մասով մենք ունենք լավ ցուցանիշներ, որոնց մասին վարչապետն արդեն հայտարարել է, ունենք միլիոնավոր ավելի տպված կտրոններ, բայց դա այն հարցը չէ, որ պետք է վարչապետի մակարդակով անընդհատ անդրադրաձ կատարվի», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքացի, հարկատու, բիզնես իրավապաշտպան կազմակերպության նախագահ Էդուարդ Բադալյանը:
Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ այդ արդյունքները հնարավոր է եղել գրանցել վարչապետի կողմից ՀԴՄ կտրոնը պարտադիր պահանջելու մասին քարոզի արդյունքում, Բադալյանը պատասխանեց.
«Այդ արդյունքներին մենք հասել ենք մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններից հետո, նույնիսկ առանց քարոզի: Ես աշխատում եմ բազմաթիվ հարկ վճարողների հետ ու տեսնում եմ, որ նույնիսկ առանց քարոզի, մարդկանց մի զգալի մաս կատարված փոփոխություններից հետո փոխել է իր վաքագիծը, մյուս մասը իր վարքագիծը փոխել է, այո, քարոզի արդյունքում, այդ թվում՝ վարչապետի կոչերի արդյունքում, իսկ երրորդ մասն էլ իր վարքագիծը փոխել է ՊԵԿ աշխատանքի արդյունքում»:
Այս պարագայում, ըստ Էդուարդ Բադալյանի, խիստ մոտեցումներ կիրառելու կարիք չկա: Ավելին, նրա խոսքով, նման մոտեցումները կարող են բացասական հետևանքների հանգեցնել:
«Հարկ վճարողը ամբողջ աշխարհում, որպես կանոն հնարամիտ է, և նա եթե տեսավ ՀԴՄ կտրոն տրամադրի, թե ոչ, տուգանվում է, ելք կգտնի դուրս գալ այդ իրավիճակից: Այսպես ասեմ՝ նույնիսկ կանոնավոր ՀԴՄ տրամադրողների մոտ երբեմն, որոշակի պարբերականությամբ, պատահում է, որ մարդը ուղղակի մի անգամ ՀԴՄ չի տրամադրում, բայց՝ ոչ միտումնավոր: Եթե ինքը տեսնի՝ կանոնավոր վճարող է, բայց մեկ է՝ տուգանվում է, սկսելու է մտածել չտրամադրել կամ որևէ մի տեղից խնայել այդ վարչական տույժի գումարը: Դա կբերի վատ հետևանքների», -նշեց Բադալյանը:
Նրա խոսքով, տնտեսվարող սուբյեկտը կարող է պարզապես թույլ չտալ, որ այլ անձինք տեսալուսանկարահանեն իր անձնական տարածքը: Բայց այս դեպքում մեկ այլ մտավախություն է առաջ գալիս.
«Ես վախենամ, որ այս նախաձեռնությունից հետո օրենքում գրեն, որ սեփական տարածքում մարդի չի կարող արգելել տեսալուսանկարահանումը: Ո՞րն է առաջնայինը՝ մարդու սեփականության իրավունքը հարգե՞լը, անձի կյանքի անձեռնմխելիության իրավու՞նքը, թե՞ …»: