երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Արդյոք իշխանությունները հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների չակերտավոր կարգավորումը շաղկապո՞ւմ են իրար հետ․ Արթուր Խաչատրյան

Արդյոք իշխանությունները հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների չակերտավոր կարգավորումը շաղկապո՞ւմ են իրար հետ․ Արթուր Խաչատրյան

«Ինչո՞ւ է պարոն Ռուբինյանը մասնակցում մի բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան»,- ԱԺ հերթական նստաշրջանում հարցադրում արեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերություններն են, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների չակերտավոր կարգավորումը կամ, ինչպես վերջերս է շրջանառվում, տարածքային ամբողջականության լիակատար ճանաչումը։

«Այդ բառը, որն օգտագործվեց կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ, ցայժմ չէր օգտագործվել՝ ոչ թե տարածքային ամբողջականության ճանաչում, այլ լիակատար ճանաչում։ Բայց հարցը հետեւյալն է՝ արդյոք իշխանությունները հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների չակերտավոր կարգավորումը շաղկապո՞ւմ են իրար հետ։

Այսինքն՝ ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին։ Թուրքերը դեռ 1991-92 թվականներից դա էին ասում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն կարող կարգավորվել, քանի դեռ չեն կարգավորվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

Դա պետք է հստակեցնենք, կամ էլ ավելի պարզ լուծում կա՝ արտգործնախարարությունն ինքը չի կարողանում կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, եւ Ռուբեն Ռուբինյանը՝ որպես նախկին փոխարտգործնախարար, լծվել է այդ աշխատանքին։ Բայց երկրորդ տարբերակն իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Եվ մենք տեսնում ենք, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունները ընկրկել են թուրքական պահանջների առջեւ»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։


  • Կիսվել: