ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արդյոք Հայաստանը պե՞տք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. վարչապետի պարզաբանումը

Արդյոք Հայաստանը պե՞տք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. վարչապետի պարզաբանումը

Արդյոք պաշտոնական Երևանը մտադի՞ր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և արդյոք ադրբեջանական կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավո՞ր է հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս հարցերն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Կուզեի վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս որոշ նրբություններ նկատենք, որոնք մեր իրականությունում չեն ընկալվում, և տարբերակենք այդ հայտարարությունների մեջ ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը: Վերջերս մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ մի շատ կարևոր դիտարկում հնչեցրեց: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո:

Օրինակ, երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Հաճախ հնչում են հայտարարություններ Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն: Վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է: Այսինքն՝ այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի տարր կա, և մենք պետք է դա հաշվի առնենք: Այդ էմոցիոնալ հանգամանքը օգտակար չէ գործընթացների համար՛՛:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև քննարկումներին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս առնչությամբ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և նման համաձայնագիր վավերացրել է նաև Ադրբեջանը:

Նրա խոսքով՝ բանակցային հիմք դարձած Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու օրակարգի մասին: ՛՛Դա մեզ համար ռազմավարական օրակարգ է: Երբ մենք դա որդեգրել ենք և արձանագրել կառավարության ծրագրում, ես բազմիցս ասել եմ, որ հասկանում ենք՝ սա ամենևին մեզնից չի կախված, բայց որ մենք այդ օրակարգին հետևողականորեն հետևելու ենք, դա ակնհայտ է: Ես ուզում եմ, որ մենք հարցերին ռացիոնալ դաշտում նայենք՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: