ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Արթուր Վանեցյան

Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Արթուր Վանեցյան

Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Այս մասին ուկրաինական Ստրանա լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Պատիվ ունեմ դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը։

«Այն կարելի է լուծված համարել միայն այն ժամանակ, երբ երաշխավորված կլինի այդ տարածքում ապրող արցախցիների իրավունքների իրականացումը և արժանապատիվ կյանքի իրավունքը։ Իրականության մեջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրահրեց և սանձազերծեց պատերազմ՝ խախտելով ինչպես Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթները, այնպես էլ միջազգային միջնորդների կողմից հաստատված երկու ամենակարևոր սկզբունքները՝ ուժի չկիրառման սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքը»- ասել է նա։

Նրա խոսքով՝ սանձազերծված պատերազմը պարունակում էր ահաբեկչական բաղադրիչ, քանի որ Ադրբեջանի խնդրանքով Թուրքիայի կողմից ռազմական գործողություններում ներգրավված էին մեծ թվով իսլամիստ ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից․

«Դա միանշանակ արձանագրված էր ոչ միայն հայկական կողմից, այլ նաև այդ մասին ուղիղ հայտարարում էին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն։

Առաջին պլան է մղվում Ադրբեջանի պատասխանատվության հարցը պատերազմի սանձազերծման համար, որը հազարավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ։ Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունները կանգնեցվել էին եռակողմ հայտարարության ուժով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որն անգնահատելի դեր խաղաց պատերազմը դադարեցնելու հարցում։ Սակայն վերոնշյալ հայտարարությունը հրադադարի մասին է, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։ Ուզում եմ հատուկ նշել, որ քաղաքական կարգավորման հարցը ներկայում բաց է։ Եվ այն պիտի պարունակի պատասխանատվություն պատերազմը սանձազերծելու համար՝ հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը հերթական անգամ հայտնվել է ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ։ Ուստի Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

  • Կիսվել: