ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Վիտալի Բալասանյանի և Դավիթ Բաբայանի հետ

Արցախում Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Վիտալի Բալասանյանի և Դավիթ Բաբայանի հետ

Արցախ այցի շրջանակներում ունեցած պաշտոնական հանդիպումների շրջանակներում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Քննարկված հարցերի առաջին խումբն առնչվում է Արցախի սահմանների պաշտպանությանն ու ազգաբնակչության անվտանգության ապահովմանը, երկրորդը՝ Արցախի կարգավիճակին, երրորդ խումբը՝ Արցախի բնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Հանդիպումների ընթացքում վերահաստատել եմ, որ ՀՅԴ-ն իր համահայկական ողջ կառույցով և հնարավորություններով պատրաստ է ամբողջական և գործուն մասնակցություն ունենալ այս երեք ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Շեշտել եմ նաև, որ Դաշնակցության կամավորներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին  պաշտպանել հայրենիքի սահմանները։  

Հանդիպումների ընթացքում երկուստեք բացառվել է Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում։

Ըստ այդմ՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հետագա քննարկումները շարունակելու և աշխատանքները  համադրելու մասով ևս ձեռք է բերվել լրացուցիչ պայմանավորվածություն։

Արցախի պաշտոնյաններին փոխանցել եմ, որ ՀՅԴ-ն իր համահայկական ողջ ներուժով, Հայ դատի գրասենյակներով և հանձնախմբերով պատրաստ է այս նոր իրավիճակում լծվել այդ աշխատանքներին։

Սոցիալ-տնտեսական ուղղությամբ ևս մի շարք աշխատանքներ կան իրականացնելու, և այստեղ ևս Դաշնակցությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ։

Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը։ Մենք պետք է այսօր կանգնենք Արցախի և արցախցու կողքին, և դա չպետք է լինի խոսք, այլ հստակ գործ։ Մենք պարտվելու իրավունք չունենք. ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, և դա պետք է տեղի ունենա համայն հայության աջակցությամբ, համատեղ  մշակված քայլերով։

Կորցնել Արցախը, նշանակում է կորցնել Հայաստանի Հանրապետությունը և առհասարակ փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Ով, ով, բայց Դաշնակցությունը դա թույլ չի տալու»,- գրել է Սաղաթելյանը:

  • Կիսվել: