ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում չկա որևէ քաղաքական ճգնաժամի խնդիր․ Թևան Պողոսյան

Արցախում չկա որևէ քաղաքական ճգնաժամի խնդիր․ Թևան Պողոսյան

Մարտի 31-ին Արցախում արձանագրել ենք բոլորիս հաղթանակը, քանի որ ընտրությունները կազմակերպվեցին դժվար պայմաններում և տեղի ունեցան ընտրողների շատ բարձր ակտիվությամբ:

 Այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ ունենք իրավիճակ, երբ օրենսդիր իշխանությունը ձևավորվել է միանգամից, իսկ գործադիր իշխանության ձևավորման համար երբևիցե Արցախում երկրորդ փուլի ընտրություններ չէին եղել:
 
«Այսօրվա դրությամբ կան նախագահի երկու թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը, որոնց անունները ներկայացված են լինելու քվեաթերթիկում: Ապրիլի 14-ին արցախցին գնալու է իր ընտրությունը կատարելու: Տարբեր կողմերից հնչում են շատ գնահատականներ, սակայն պետք է նշեմ, որ, հաշվի առնելով, որ երեկվա դրությամբ բոլոր քաղաքական միավորները, որոնք պայքարում էին օրենսդրական իշխանության համար, ընդունել են ընտրությունների արդյունքները և Ազգային ժողովը ձևավորվել է, կարելի է ասել, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Այսօրվա դրությամբ՝ Արցախում չկա որևէ քաղաքական ճգնաժամի խնդիր: Հուսանք, որ ապրիլի 14-ին արցախցիները կընտրեն գործադիր իշխանության ղեկավարին, իրենց վստահության քվեն կհանձնեն թեկնածուներից մեկին, որն էլ հնարավորություն կտա ձևավորելու գործադիր իշխանություն»,- ընդգծել է Թ. Պողոսյանը:
 
Անդրադառնալով այն հայտարարությանը, որտեղ Մասիս Մայիլյանը կոչ է արել իր ընտրողներին չգնալ քվեարկության, Թ. Պողոսյանը նշել է, որ նա ընտրապայքարից դուրս չի եկել, այլ, կորոնավիրուսի տարածման վտանգներից ելնելով, կոչ է արել չմասնակցել ընտրություններին՝ Արցախում աղետ կամ ճգնաժամ չստեղծելու համար: «Քաղաքական իմաստով կարող ենք ասել, որ նա չի փորձելու քարոզարշավ իրականացնել, չի գնալու քննարկումներին և խնդիր էլ չի դնում իր ընտրողներին՝ քվեարկել թե ոչ: Իրավական դաշտում կան լուծումներ: Թեկնածուն կարող էր մինչև ապրիլի 4-ը հայտարարել այդ մասին:
 
Ցանկացած քաղաքական գործչի ընտրություն պետք է հարգել: Վստահ եմ, որ երբ մայիսի 21-ին նոր Ազգային ժողովը գումարի առաջին նիստը, և բոլոր ինստիտուտները ձևավորվեն, ապագայում բացերը լրացնելու վերաբերյալ հարցերը կբարձրաձայնվեն»,- ավելացրել է Թ. Պողոսյանը: Նա նշել է, որ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է համաճարակի հետ կապված իրավիճակում նոր մեխանիզմներ կամ էլ անվտանգության բարձր մակարդակ ապահովի:

  • Կիսվել: