ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը․ Մնացականյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը․ Մնացականյան

Բոլոր նրանք, ովքեր հետևում են գործընթացին, վստահաբար, չեն առաջնորդվում առանձին վերցված մի հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են տեսնում ամենը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զոհրաբ Մնացականյանը:

«Յուրաքանչյուրը, ով հետևում է ամբողջ դինամիկային, ամբողջ գործընթացին, կտեսնի, որ  ինքնորոշման իրավունքի հարցը մշտապես եղել ու մնում է, և չի կարող՝ տրամաբանորեն չի կարող, ուղղակի վերանալ մեր օրակարգից»,- ասաց ՀՀ արտգործնախարարը և մեջ բերեց Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ իր հնչեցրած ելույթից մի հատված:

Խոսելով իր՝ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «մյունխենյան սկզբունքներ» տերմինի մասին՝ նախարարը պարզաբանեց, որ այս ձեւակերպումը լիովին արտացոլում է այն, ինչի մասին խոսվել է առաջնորդների հանդիպմանը: Նախարարի խոսքով՝ մյունխենյան սկզբունքները դիրքորոշումը չեն փոխում, այլ լրացնում են: Ընդ որում՝ նախարարը շեշտեց, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել: 

«Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայով: Այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։

Սա ընդամենը 2 ամիս առաջ հնչեցվել էր Բրատիսլավայում, և սա կարևորագույն տարր է մեր դիրքորոշման մեջ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունը և ստատուսը միմյանցից տարանջատված են, կարծում եմ՝ այդպիսի առիթ մենք չենք տվել»,- մեջբերելով իր ելույթից մի հատված՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: