ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի հաղթանակը միանշանակ կանխատեսելի է. սոցիոլոգ

Արայիկ Հարությունյանի հաղթանակը միանշանակ կանխատեսելի է. սոցիոլոգ

Առաջին փուլի արդյունքներով Արայիկ Հարությունյանի հաղթանակի համար պակասեցին կես տոկոս ձայներ, դա շատ ծիծաղելի թիվ է, բայց նրանք հայտարարել են, որ ընդունում են այդ թվերը: Այս մասին, խոսելով Արցախում կայացած ընտրությունների և ապրիլի 14-ին սպասվող դրանց երկրորդ փուլի մասին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանը նշեց. «Մասիս Մայիլյանը 26.4 տոկոս է հավաքել՝ 22 տոկոս պակաս Արայիկ Հարությունյանինց, և հարց է ծագում՝ երկրորդ փուլում նա ունակ կլինի՞ այդ պակասը փակել ու մի բան էլ ավել հավաքել»:

Նա հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանը հրաժարվել է աջակցել թեկնածուներից որևէ մեկին. այդպիսով, նրա խոսքով, 15 տոկոս ձայները չեզոքանում են:

Սակայն, ըստ սոցիոլոգի, եթե անգամ նա սատարեր Մասիս Մայիլյանին, և նրան միանային նաև, Ադիբեկյանի խոսքով, «երրորդ կարգի թեկնածուները», ապա դարձյալ Մայիլյանի ձայները բավարար չէին լինի, կկազմեին 42 տոկոս: Իսկ եթե երկրորդ փուլում ՀՅԴ-ն ու Դեմոկրատական կուսակցությունը աջակցեն Արայիկ Հարությունյանին, ինչը, ըստ սոցիոլոգի, հավանական է, քանի որ նրանք նախկինում համախոհներ են եղել, ապա Հարությունյանի ձայները կկազմեն 55 տոկոս:

«Մասիս Մայիլյանը, ինձ թվում է, հասկացել է, որ երկրորդ փուլն իրեն հաղթանակ չի բերի: Իսկ երկրորդ փուլը հետաձգելը պատճառաբանել կորոնավիրուսի տարածմամբ՝ մի քիչ ծաղրելի ու կասկածելի է, քանի որ 70 հազար ղարաբաղցի եկավ ընտրատարածք, ու մենք վիրուսի տարածում չտեսանք, քանի որ բավականին լուրջ միջոցներ էին ձեռնարկել, որ իրար չվարակեն, և կապ չունի՝ ապրիլի 14-ին Մայիլյանը կգնա, թե չի գնա, պարզ է, որ, որպես երկրորդ փուլի մասնակից, նրա ազգանունը կլինի քվեաթերթիկում»,-նշեց Ադիբելյանն ու հավելեց, որ Մասիս Մայիլյանի պարտությունը կանխատեսելի է:

«Երկրորդ պարտությունն իր քաղաքական կարիերայի համար բավականին լուրջ հարված է, երբ փորձեց մրցակցել Բակո Սահակյանի հետ, այդ ժամանակ էլ դառը պարտություն կրեց: Ամսի 14-ին հրաշքներ չեն լինի, նույնիսկ եթե գան ոչ բոլորը, քանի որ շատերի համար ընտրության ելքը պարզ է, Արայիկ Հարությունյանի հաղթանակը միանշանակ կարելի է կանխատեսել»,- ասաց սոցիոլոգը:

Ադիբեկյանը նշեց նաև, որ ընտրություններից հրաժարվելու կամ դրանք հետաձգելու համար Մասիս Մայիլյանը կարող է հազարավոր պատճառներ գտնել, բայց բացատրել դա կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ըստ նրա՝ թույլ փաստարկ է: Ադիբեկյանը համոզված է, որ Մայիլյանը պարզապես չի ցանկանում գնալ երկրորդ պարտության:

«Խնդիրն այն է, որ Մայիլյանը գիտի, որ ինչ պատճառ էլ գտնի, իր՝ նախագահ դառնալը կասկածելի է»,- նշեց Ադիբեկյանը:

  • Կիսվել: