ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արարատ Միրզոյանն ու Հունաստանի վարչապետը մտքեր են փոխանակել  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանն ու Հունաստանի վարչապետը մտքեր են փոխանակել  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի շուրջ

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: 

Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա: 

Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ: 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Հունաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և տնտեսական կապերի հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ հարուստ իրավապայմանագրային դաշտի հնարավորությունների օգտագործման, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման միջոցով։

Քննարկվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունը։

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ: 

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների ուղեկցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքներին: Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող խնդիրների շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Հայաաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հունաստանի կառավարության՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված օգնությունը:

Նախարար Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները:

  • Կիսվել: