ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Առանց դատական վճիռների ապօրինի գույքի բռնագանձումը քաղաքական ենթատեքստ չի կարող չունենալ. Ռուստամ Բադասյան

Առանց դատական վճիռների ապօրինի գույքի բռնագանձումը քաղաքական ենթատեքստ չի կարող չունենալ. Ռուստամ Բադասյան

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկեց, այսպես կոչված, «վեթինգի» նախագծերի փաթեթը: Հարցը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Բուռն քննարկումների տեղիք տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը, գրում է Aravot.am-ը։

Հիշեցնենք, հարցը վերաբերվում է առանց դատական վճիռների գույքի բռնագանձմանը: Նախարարի ներկայացմամբ, իրավասու մարմինը` հավաքած տեղեկատվության հիմա վրա, կարող է դիմել դատարան`քրեական գործ հարուցելու խնդրանքով, եթե անձին պատկանող գույքի ծավալը եւ նրա օրինական եկամուտների տարբերությունը 25 միլիոն դրամ եւ ավելի է: Դատարանում գործի քննությունը քաղաքացիական ընթացակարգով է ընթանալու:

Սկզբնական ապացուցման բեռը կրելու է պետությունը, ապա`պատասխանողը եւ հայցվորը: Կառավարությունն առաջարկում է, որ իրավասու մարմինը`ապօրինի ծագման մասին ուսումնասիրություն սկսելու որոշումից հետո կարող է ուսումնասիրել նախորդող տասը տարիները: Բացառություններ ևս նախատեսված են. ըստ այդմ, իրավասու մարմինը կարող է ուսումնասիրություններ կատարել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը: Նախ տարակուսանք հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը`25 միլիոն շեմի մասով: ՀՀ արդարադատության նախարարն ասաց, որ շեմը սահմանել են`հաշվի առնելով այն, որ օրենքի թիրախում հայտնվեն միայն «բարձր գումարների, բարձր կոռուպցիայի» դեպքերը, նաեւ, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքը հանվի տնտեսական շրջանառությունից:

Կարդացեք նաև Հիտլերի « Mein Kampf»-ի, Ֆրիդրիխ Նիցշեի գրքերի վաճառքը կարգելե՞ն. կառավարությունը քրեականացնում է ատելության քարոզը, դրա տարածումը Անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներից մեկը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, թե ինչու՞ ես Կանադայից եկել Հայաստան. Փաշինյանը խաբեց բոլորիս. Կանադայից հայրենադարձվողի նամակը ՀՀ վարչապետին «Քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող». Ռուստամ Բադասյանը` Սերժ Սարգսյանի գործի մասին Օրենքի գործողության ոլորտում կներառվեն նաեւ «քրեական ենթամշակույթին» վերաբերվող դեպքերը: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի պաշտպանության իրավունք չի տրվում: Խոսելով Սահմանադրական արգելքի մասին, ըստ որի անձի վիճակը վատացնող օրենք չի կարող լինել, նախարարը բերել էր Գերմանիայի ՍԴ-ի որոշման օրինակը:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյան այս մաով իր անհամաձայնությունը հայտնեց`նկատելով, որ Գերմանիայի ՍԴ որոշումը մեզ համար հիմք չի կարող լինել, մենք Սահմանադրական արգելք ունենք նման դեպքերի համար`անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տրվել չի կարող: Նրան հետաքրքրում էր`կարո՞ղ է օրենքում ներառվել դեպք, երբ մարդը մասնավոր անձից է նվեր ստացել եւ թաքցրել է. «Ձեր հիմնավորման մեջ գրել եք, որ այդ «…ստացված միջոցներն արդեն օգտագործվում են քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար»: Ինչո՞ւ հենց քաղաքական ազդետցություն, քաղաքական ենթատեքստ չկա՞… քաղաքական բաղադրիչի հոտ է գալիս: Հիմնավորման մեջ նշում եք`բազմաթիվ երկրներում այս փորձը կիրառվել է ու քաջալերվել, բայց չեք նշում`ո՞ր երկրներում է կիրառվել, այդ ո՞վ է քաջալերել, ի՞նչ միջոցներով է քաջալերել»:

Պատգամավորը նկատեց, որ նախագծում շատ տարածական եզրույթներ կան, օրինակ`մերձավոր ազգական. «Մարդ կա իր կնոջ քեռու երեսը չի ցանկանում տեսնել, ձեր ստացած եկամուտները ի՞նչ կապ ունի նրա քեռու ընտանիքի հետ»: Առհասարակ, Գեւորգ Պետրոսյանի կարծիքով սա շատ խորը խնդիր է եւ խորհրդարանական լսումների կարիք կա. «Եթե բոլորս միասին հանկարծ հավատանք, որ այստեղ հետադարձ ուժի խնդիր չկա, բա չեք գտնո՞ւմ, որ 1991 թվականից այս կողմ ընկած ինչքա՞ն մարդ է հավակնելու առնչվել այս նախագծի հետ առնչվել: Սա այն հարցն է, որ մենք պետք է լսենք` դատավորների, դատախազների, ՀԿ-ների կարծիքը»:

Նախարարը նկատեց`մինչեւ նախագիծն ԱԺ բերելը բավական երկար աշխատանք է կատարվել, խմբի աշխատանքներում ներգրավված է եղել 7-8 միջազգային կազմակերպություն, որոնց տված եզրակացությունները հիմնականում դրական են եղել: Նա նաեւ ասաց, որ առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման դրույթը Հայաստանի`ՄԱԿ-ի կոնվենցիոն պարտականություններից մեկն է, իհարկե, համաձայնեց, որ դա չի նշանակում, թե օրենքը հենց ներկայացված տեսքով պետք է լինի, քանի որ առանց մեղադրական վճռի գույքի բռնագանձման առնվազն երկու տեսակ կա: Ինչ վերաբերվում է մասնավոր անձից ստացած նվերին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե անձն ինչ հիմնավորումներ կներկայացնի:

Քաղաքական ազդեցության մասով էլ, նախարարը նկատեց`դա չէր կարող շեշտված չլինել, քանի որ միջազգային բոլոր ակտերում խոսվում է, որ սա քաղաքական ազդեցություն ունեցող անձանց`տարիներ շարունակ ապօրինի կուտակած գույքի դեմ ուղղված միջոցառում է: Նա հորդորեց`քաղաքական հակառակորդների դեմ միտում չտեսնել: Ինչ վերաբերում է`որպես փոխկապակցված անձ մերձավոր ազգականի ամրագրմանը, նախարարն ասում է դա ընդհանրական կլիներ, եթե շատ կարեւոր բաղադրիչ չլիներ.

«Ոչ թե ուսումնասիրելու ենք ցանկացած մերձավոր ազգականի գույքը, այլ այն մերձավոր ազգականի, ում հնարավոր է փոխանցվել է ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է անհատույց կամ շուկայական գնի 80 տոկոսից քիչ»:

Գեւորգ Պետրոսյանին չհամոզեցին նախարարի պատասխանները: Նա նաեւ նկատեց, որ նախագծում ապացուցման բեռի բոլորովին այլ տեսություն է դրված, ըստ որի, պատասխանատվության առյուծի բաժինը դրված է նախկին կամ ներկա պաշտոնյայի վրա. «Ասում են`տնիցդ դուրս արի, արի ապացուցի, որ դու հանցագործություն չես կատարել: Սա մեր անցած իրավագիտության  դպրոցի շրջանակներում չի: Լրիվ խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը»: Պատգամավորը հորդորեց չմտածել, թե իր դիտարկումները միտված են հանցավոր ճանապարհով հարստություն ձեռք բերած մարդկանց «անհոգ կյանքի լիազորագիր» տալուն, բայց նա ցանկանում է, որ ամեն մի բարի ցանկություն հասանելի լինի օրինական միջոցներով: Նա նաեւ հավելեց, որ քրեական պատասխանատվության համար ՀՀ օրենսդրությունը 20 տարի է նախատեսում, բայց 1991 թվականից 29 տարի է անցել, այն ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց մի մասն իր երկրային կյանքն ավարտել է, մյուսներն էլ այդ ճանապարհին են`«ասում ենք արի`ապացուցի պետությանը»:

Նա ուզում էր հասկանալ`ո՞րն է այն նվիրական նպատակը, որին պետությունը փորձում է հասնել`շրջանցելով շատ օրենքներ

: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծն ԱԺ-ն ընդունեց:

  • Կիսվել: