ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արամ Սարգսյանը` ՀՀ փոխվարչապետ նշանակվելու մասին

Արամ Սարգսյանը` ՀՀ փոխվարչապետ նշանակվելու մասին

«Տիգրան Ավինյանն իր տեղում աշխատում է և այս թեմայով խոսակցությունն ինձ համար ոչ միայն նյութ չէ, այլև անհարմար եմ զգում նման բաներից խոսել»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնին նշանակվելու լուրերին, ասաց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով` լրատվական դաշտը սենսացիաներ է փնտրում և ամեն մանր բանից մեծ պատմություն սարքում:

«Ճիշտ է` կրակն առանց ծուխ չի լինում և կառավարությունը նրա համար է, որ նախարարները փոխվեն, այդտեղ որևէ դժբախտություն չեմ տեսնի: Նիկոլ Փաշինյանն իր նախկին հարցազրույցներում կադրային փոփոխությունների, թիմային աշխատանքի մասին ամեն ինչ հստակ հանրությանն ասաց: Նաև բողոքեց, որ քայլածները պահանջում են ավելին: Իհարկե, խոսքս չի վերաբերում այն մարդկանց, ինչպիսին Տիգրան Ավինյանն է, Արարատ Միրզոյանն է, որոնց շատ լավ ճանաչում եմ, որոնք իմ կարծիքով` Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատն են, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ փոփոխման ենթակա չեն: Կա ինչ-որ ժամանակահատված, որ մարդն իր վրա դրված պարտականությունները հստակ կատարում է, ինչ-որ ժամանակ հետո այլ պարտականություններ են առաջանում, որոնց համար այլ մարդ է անհրաժեշտ: Ներկա պահին նման խոսակցություններ ընդհանրապես չկան: Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանի հետ տետատետ հանդիպել եմ քարոզարշավի ժամանակ, զրուցել ենք, որից հետո նամակագրական թեմաներ են եղել:

Նիկոլ Փաշինյանին նամակներ եմ գրել բացառապես տնտեսական թեմաներով` հիմնականում մետալուրգիային և Ամուլսարին վերաբերող, երբեմն էլ Ղարաբաղի հարցող դիտարկումներ են եղել: Ուրիշ որևէ թեմայով մեր մեջ երբեք խոսակցություն չի եղել»,-նշեց նա: Դիտարկմանը` թե որտեղից այս լուրերը՝ Սարգսյանը նշեց.«Գիտեք, հանրությունը երբեմն իր ցանկությունները, մտադրությունները փորձում է արտահայտել: Ես քաղաքական դաշտում երկար ժամանակ եմ և հիմնականում տնտեսական թեմաներից եմ խոսում, զբաղվածությունից եմ խոսում, որը մեր երկրի ամենացավոտ տեղերից մեկն է: Եվ այս առումով, այն մոտեցումները, որոնք ես ասում եմ, մարդկանց հոգեհարազատ է և իրենց ցանկությունն են ասում: շնորհակալություն այդ մարդկանց, բայց նման բան չկա»։

  • Կիսվել: