ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին քայլը պիտ լինի արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր. Փաշինյան

Առաջին քայլը պիտ լինի արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր. Փաշինյան

Այսօր Հանրային ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանր ժամանակներ ենք ապրում, սա մեր բեռն է, և պետք է ազգովի կրենք, բայց նաև մտածենք մեր ապագայի մասին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը պետք է տեսնենք, որովհետև Արցախի համար պայքարը չի ավարտվել սրանով։ Շատ լավ կլիներ, որ հարցը վերջնական կարգավորում ստանար, բայց, ցավոք, չի ստացել։ Հաջորդ հարցը հետևյալն է՝ մենք շարունակո՞ւմ ենք պայքարել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի իրավունքի համար՛՛:

Փաշինյանի խոսքով՝ հարցի պատասխանը դրական է՝ այո, իսկ առաջին քայլն արցախցիների վերադարձն է իրենց բնակավայրեր։

՛՛Այդ ավերածությունները պետք է վերականգնվեն, ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, պետք է ներդրումներ արվեն, պետք է ստեղծվի բնական միջավայր՝ ստեղծագործ ու խաղաղ կյանքի համար։

Հիմա կան խաղաղապահներ, որոնք Լեռնային Ղարաբաղի առնվազն մեկ հատվածի հայության անվտանգությունն ապահովում են, մյուս հատվածում մեր հայրենակիցների վերադարձի իրավունքն ապահովված է։ Պետք է հիմա աշխատենք այդ իրավունքն իրագործելու և նրանց արժանապատվությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

Լաչինի միջանցքով ճանապարհն աշխատելու է, մարդիկ կարողանալու են ռուս խաղաղապահների կողմից ապահովվող այդ միջանցքով գնալ ու գալ։ Այսինքն՝ Արցախի առնվազն այն հատվածը, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, այնտեղ պետք է բնականոն կյանքը վերականգնվի օր առաջ, հնարավորինս շուտ՛՛,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ խաղաղապահները երաշխիք են, որ իրենց ներկայությամբ պատերազմ չի սկսվի, կամ առնվազն ծավալ չի ստանա։ Նա հավելեց, որ խաղաղապահների ներկայության իմաստն այդ մարդկանց կեցության անվտանգության ապահովումն է։

՛՛Այս փուլում ամենակարևորը ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելն է, որից հետո ամբողջական կայուն իրավիճակում, ինչպես արդեն ասել եմ, առաջին հերթին պետք է երաշխավորել Հայաստանում ժողովրդի իշխանության անձեռնամխելիությունը՛՛,-եզրափակեց վարչապետը:

 

  • Կիսվել: