ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման․ Փաշինյան

Առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման․ Փաշինյան

Ցավոք այսօր Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով ու ամենօրյա վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում: Այս մասին պարետատն նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մեծ պրոբլեմ է մեզ համար, սակայն կա մեկ շատ ավելի կարևոր պրոբլեմ, որից բխում է այս խնդիրը՝ այս իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը ՀՀ-ում չկա:

Այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որ մեր երկրի 3 միլիոն բնակչությունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարեր համավարակի դեմ, բայց այդպիսի իրավիճակ չունենք, ընդհակառակը՝ շարունակվում է ապատեղեկատվության տարածքում, շատ դեպքերում կյանքը շարունակում է իր բնականոն հունով ընթանալ: Մենք դրան դեմ չենք, սակայն հակահամաճարակային կանոնները պետք է խստիվ պահպանվեն»: 

Կառավարության ղեկավարը նշեց, որ պարետատանը քննարկել են ու եկել եզրակացության, որ չունեն այլընտրանք, առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման.

«Քանի դեռ մենք թվերի փոփոխություն չունենք, չենք արձանագրել հակառակ դինամիկան, պետք է գնանք խստացման կանոններով, որը կարող է ամենատարբեր ուղղություններ ունենալ»:

Փաշինյանն ասաց, որ մշակվելու է օրենսդրական նախաձեռնություն, որը թույլ կտա հակահամաճարակային կանոնները խախտողներից վարչական տուգանքն ավելի կարճ ժամանակում գանձել։ Սա ըստ նրա արվում է ոչ թե այն նպատակով, որ քաղաքացիները տուգանվեն, այլ գիտակցեն պահի լրջությունը։

Նա կրկին կոչ արեց խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Դիմակ ճիշտ կրել։ Փաշինյանն ասաց, որ հանուն մեր պետության յուրաքանչյուրս մեր սխալները պետք է ուղղենք։

 

 

  • Կիսվել: