ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջիկա օրերին վերսկսելու ենք Փաշինյանին հեռացնելու գործընթացը, նախատեսված են նաև այցելություններ մարզեր. Իշխան Սաղաթելյան

Առաջիկա օրերին վերսկսելու ենք Փաշինյանին հեռացնելու գործընթացը, նախատեսված են նաև այցելություններ մարզեր. Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժումը» չի լռել, չի լռելու. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ընդդիմությունը լուռ ու ինչ անելիքներ ունեն առաջիկայում, քանի որ իրենք էին հայտարարում, թե Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի մնալն իշխանության, վնաս է երկրին:

Սաղաթելյանը չհամաձայնեց դիտարկումներին, թե իրենք լռել են: «Անցնող 7 օրերի ընթացքում մի քանի հայտարարություններով և պահանջներով ենք հանդես եկել, պարզապես փողոցային, զանգվածային ակցիաներ չենք արել անցնող շաբաթվա ընթացքում՝ նկատի ունենալով այն պայմանները, որ ամբողջ պետական համակարգը չի աշխատել, և բողոքի, անհնազանդության ակցիաներն այս օրերին արդյունավետ չէին լինի»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց՝ փոխարենն այս ժամանակահատվածն օգտագործել են և պլանավորել իրենց առաջիկա աշխատանքները կազմակերպելու, ծրագրերը թարմացնելու, անցած աշխատանքները գնահատելու համար: «Մենք առաջիկա օրերին կվերսկսենք մեր պայքարը՝ իրավական ճանապարհով, փողոցային անհնազադության ակցիաներով, նաև ասեմ՝ պլանվորված են մարզային այցելություններ: Առաջիկա օրերին հանդիպումներ տեղի կունենան Վանաձորում, Գյումրիում, Սյունիքում: Մեր ծրագրերն ամբողջությամբ մեծ թափով շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր դավաճանին»,- վստահեցրեց նա:

 

Անդրադառնալով հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին և  փաստաթղթի ստորագրմանը, Սաղաթելյանն ասաց, որ երեկ հայտարարություն են տարածել, այսօր էլ ակնկալում են ԱԳ նախարարի, ԳՇ պետի, ԱԱծ տնօրենի հետ հանդիպում: Նա նշեց, որ այդ հանդիպումներից հետո կամփոփեն ու համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

Ճշտող հարցին՝ այդ պաշտոնյաների կողմից արձագանք եղե՞լ է այսինքն պատրա՞ստ են իրենց հետ հանդիպման, նա ասաց, որ արդեն արձագանք կա, վերջնական լինի՝ կտեղեկացնեն:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Շարժումը չի դիմում վճռական գործողությունները, Սաղաթելյանը նշեց, որ երբ հանրությունն ասում է ավելի վճռական գործողություն, պետք է հասկանալ՝ ինչ նկատի ունի դրա տակ: «Ես կարծում եմ՝ մենք անցնող երկու ամսվա ընթացքում պակաս վճռական գործողություններ չենք արել և Շարժումն այս ժամանակահատվածում ունեցել է մի շարք ձեռքբերումներ: Այսօր որ Նիկոլը չունի իրական իշխանություն, դա այս Շարժման հաջողությունն է: Երբ անցնող երկու ամսվա ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ, անհատներ հայտարարություններ են արել, միավորվել են, դա այսօր փողոցում պայքարող քաղաքացիների և Շարժման արձանագրած հաջողությունն է»,- ասաց նա:

Նա հավելեց. «Այսօր շատ պատգամավորներ, որ լքում են այդ դավաճանի թիմին, դա ևս Շարժման հաջողությունն է, բայց վերջնական հաջողության չենք հասել, քանի որ դեռ ինքը շարունակում է կառչած մնալ աթոռին: Չենք հասել, որովհետև նա ցուցաբերում է աներեսություն, աթոռամոլություն, Փաշինյանն իրեն այլևս իրավամբ չպատկանող աթոռին է կառչած, ինքը մերժեց քաղաքակիրթ և անցնցում ճանապարհով հեռանալը, մենք պետք է ստեղծենք իրավիճակ, որ Հայաստանում նա շարժվելու և գործունեություն ծավալելու իրավունք և հնարավորություն չունենա, որովհետև այդ գործունեությունը չի բխում մեր պետության ու ժողովրդի շահերից»:

Սաղաթելյանն օրինակ բերեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել գնալ Սյունիք, չի կարողացել մասնակցել պատարագին: «Նա սեփական երկրում որպես վարչապետ չի կարողանում այս երկրի մեջ շարժվել, սա հաջողությո՞ւն է Շարժման կողմից, թե՝ ոչ: Իսկ այն քաղաքացիները, որ ասում են վճռական չենք, պետք է հասկանանք ի՞նչ են ուզում իրենք: Եթե ակնկալում են, որ պետք է մտնենք, սպանենք, մենք այդ ճանապարհը չենք ընտրել»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: