երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առաջիկա ամսվա ընթացքում կուսակցությունների հիմնադրման բում է սպասվում

Առաջիկա ամսվա ընթացքում կուսակցությունների հիմնադրման բում է սպասվում

Առաջիկա ամսվա ընթացքում կուսակցությունների հիմնադրման բում է սպասվում, այս մասին գրում է ՛՛Հայկական ժամանակը՛՛:

Արդարադատության նախարարության Ազդարար պաշտոնական հայտարարությունների կայքում այս պահին 8 կուսակցության հիմնադիր համագումարի վերաբերյալ տեղեկություն կա: Բոլորի հիմնադիր համագումարներն էլ նախատեսվում են հունվարի վերջին կամ փետրվարին:

Հայաստանում գործող 79 կուսակցություններին եւս 8-ի միանալը ինչով կփոխի քաղաքական դաշտը՝ ցույց կտա ժամանակը:

Այս պահին արձանագրենք, որ ընտրված անունների մասով բավական հետաքրքիր պատկեր է՝ «Արդար Հայաստան», «Իմ Հայաստան», «Իրավական պետություն», «Միացյալ քրիստոնյա Հայաստան», «Օրրան», «Բարոյական արժեքներ», «Կայունություն», «Ժողովրդավարական համախմբում»:

Ինչո՞ւ է ստեղծվում, օրինակ, «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարի օր է նշանակված փետրվարի 15-ը: Կուսակցության հիմնադիրներից Արմեն Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցության հիմնադրումը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով:

«Մենք ինքներս հեղափոխության ջատագովներից ենք եղել, այժմ տեսնում ենք, որ ինչ-որ մի քանի ճամբարների բաժանված շարժումներ են գնում եւ մենք նպատակ ունենք մեր տեսակետները, մեր տեսլականը տեղ հասցնելու, քանի որ զգում ենք, որ մեր ձայնը տեղ չի հասնում: Կան ժողովրդական մեծ մասսաներ, որոնք նույն ձեւով են մտածում: Սպասողական վիճակը բոլորիս տանում է դեպի կործանման, էս թավիշը, էս կադրային ոչ ճիշտ քաղաքականությունը, եւ նման հարցեր»,- ասաց Մելիքսեթյանը:

Նա չբացառեց, որ հետ կկանգնեն կուսակցության հիմնադրման որոշումից. «Ճիշտն ասած, տարիուկես է՝ գաղափարը կա կուսակցության ստեղծման, բայց անընդհատ սպասողական վիճակում ենք: Հայտարարությունը տվել ենք, բայց նույնիսկ հիմա սպասողական վիճակում ենք. եթե իշխանության կողմից կտրուկ քայլեր կլինեն, եթե կտեսնենք, որ էն նպատակները, որին մենք ձգտում ենք, որը ժողովուրդն է ուզում, կգնան էդ քայլերին, կտրուկ քայլեր կանեն, միգուցե նույնիսկ չստեղծենք էլ կուսակցություն»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ինչ նկատի ունի կտրուկ քայլեր ասելով՝ նոր ստեղծվող կուսակցության ներկայացուցիչն ասաց. «Ազատվել էս հներից, ազատվել էս կեղտերից, ազատվել էս թալանչիներից, դատական համակարգը հիմնովին բարեփոխել, առաջխաղացում ապահովել: Սենց անընդհատ տեղում դոփելով, ներսից սաբոտաժ անելով… պատերազմը դրա վառ ապացույցն էր, որ 30 տարվա նրանց արածները բերեց հասցրեց էս վիճակին ու հլը մինչեւ էսօր մենք թավիշ ենք խաղում, չգիտեմ ինչի»:

Խոսելով կուսակցության անվան մասին՝ կայքի բանախոսը անմիջապես հիշեց օրերս պատգամավորական մանդատ ստացած, սակայն Իմ քայլը լքած Աննա Գրիգորյանին. «Երեկ չէ առաջին օրվա էն աղջիկը, որ ցուցակով անցավ պատգամավոր… այ դրա համար ենք էս անունը ընտրել, որ մարդիկ ունենան բարոյական արժեքներ, որ չվերցնեն մանդատը ու նույն րոպեին դուրս գան, որ ունենան մարդկային կերպար, սկզբունքներ, ոչ թե գլխարկը որ կողմ պետք է՝ էդ կողմ շուռ տան»:

Ո՞րն է երաշխիքը, որ ձեր հիմնած կուսակցությունում բոլորն այդպիսին կլինեն՝ հետաքրքրվեցին կայքից. «Դրա համար մենք անցել ենք ինչ-որ ճանապարհ մեկս մյուսի հետ, մեկս մյուսին գիտենք եւ հավանականությունը քիչ է էդ ձեր ասածի: Իսկ եթե կլինեն այդպիսինները՝ մեծամասնությունը քանի որ այդպես չի մտածում՝ կենթարկի պարսավանքի: Հասարակությունն է այդպիսին, որ անբարոյականությունը տեղ ունի: Երեկվա Սյունիքի դեպքերն էլ են դա ցույց տալիս (նկատի ունի ԲՀԿ-ականների մուտքը Սյունիք արգելելն ու սյունեցիների հայտարարությունները-խմբ.), որ առանց կարմրելու թալանչին կանգնում է ժողովրդի առաջ ու խոսում օգնությունից, մարդիկ կանգնում՝ ասում են՝ էդ օգնությունը մեզնից գողացածից է, մենք այդպիսի օգնություն չենք ուզում: Իսկ նրանք նույնիսկ չեն կարմրում»:

Փետրվարի 13-ին էլ հիմնադրվելու է «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը: Հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ: Ասաց, որ կուսակցությունը հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով:

Կուսակցությունը նախագահ չի ունենալու, ըստ Հովհաննիսյանի, ստեղծվելու է խորհուրդ, որը կղեկավարի «Միացյալ քրիստոնյա Հայաստանը»:

Ավելի հետաքրքիր էր Հովհաննիսյանի բացատրոթյունը՝ ընտրված անվան հետ կապված.

«Էլ հույս չկա մարդկանց հավատալու, ամեն ինչ ասված է էս երկրում: Ավելի շատ ուզում ենք եկեղեցին ուժեղանա մարդկանց կյանքում: Մենք աշխատելու ենք էս ազգը բերել հավատքի, մեկ էլ ուզում ենք ռազմականացնել հասարակությանը: Ուզում ենք, որ զինվորականները կառավարեն: Գյուղապետեր, մարզպետներ, թաղապետեր, անգամ կառավարության անդամներ, բոլորը զինվորականներ լինեն եւ ամբողջ ազգը հավատքի գնա ու զինվի: Մենք քննադատող կուսակցություն չենք լինելու, ասեմ ձեզ: Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, չեզոք դիրք ենք գրավելու»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Կուսակցություն հիմնադրելու հայտ է ներկայացրել նաեւ «Օրրանը»: Համագումարը նախատեսվում է փետրվարի 26-ին: Կուսակցության հիմնադիրներից Վիգեն Դավթյանն ասաց, որ նոր անունով կուսակցություն չէին հիմնի, եթե երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության լիցենզիան նրա որդիները տային իրենց: Դավթյանը եղել է այդ կուսակցութան երիտթեւի անդամ եւ «Ժողովրդավարական ուղին» է համարում միակ մաքուր մնացած կուսակցությունը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեմ բացառում, հետեւաբար ես չեմ կարող գնալ կանգնել Պողոս Պետրոսյանի կողքը, որի կողքը կանգնել է Շարմազանովը, որի կողքը կանգնել է Աշոտյանը, որի կողքը կանգնել է Վանեցյանը: Շղթայաբար կկապեն, մեզ էլ կնետեն պատմության աղբարկղը: Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին, բայց միայնակ»,- ասաց Դավթյանը՝ դրանով բացատրելով կուսակցության ստեղծման անհրաժեշտությունը:

Կայքը փորձեց զրուցել նաեւ հիմնադրվող մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ. «Կայունության» նախաձեռնող խմբի անդամ Ֆիրդուս Զաքարյանը հայտնեց, որ համագումարը նախատեսված է փետրվարի 20-ին: Շեշտեց՝ միայն համագումարից հետո կխոսեն:

«Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիրը համանուն հասարակական նախաձեռնության անդամներն են: Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ կուսակցության համագումարը հավանաբար տեղի կունենա փետրվարի 20-ին:

«Իմ Հայաստանի» հիմնադիրը Նարեկ Սամսոնյանն է, համագումարի օր է նշանակվել հունվարի 30-ը: «Իրավական պետություն» կուսակցությունը եւս հունվարի 30-ին է համագումար անելու: Հիմնադիր համագումարի ներկայացուցիչը Վարդան Քալանթարյանն է: Մեզ չհաջողվեց խոսել միայն «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցչի հետ:

  • Կիսվել: