հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

Մասնավոր հեռուստաընկերությունը կարող է ունենալ սեփականատեր և իր խմբագրական քաղաքականությունը, սակայն քաղաքացիների, այդ թվում՝ իշխանության օգտին չքվեարկած քաղաքացիների հարկերով ֆինանսավորվող հանրային հեռարձակողը նման արդարացում չունի։ Այս մասին ԵԽԽՎ-ում մեդիա բազմակարծության և անկախության վերաբերյալ իր ելույթում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ժողովրդավարության մեջ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն քվեարկելու, այլև տեղեկացված լինելու։ Առանց բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների այդ իրավունքը մնում է միայն թղթի վրա»,- հայտարարել է պատգամավորը։

Նա շեշտել է, որ հանրային հեռարձակողը պարտավոր է ներկայացնել հասարակության մեջ առկա տեսակետների ամբողջ բազմազանությունը, հաղորդել նաև իշխանության համար անհարմար փաստերը, և որևէ մեկին ուղղված մեղադրանքը ներկայացնելիս ապահովի նաև մյուս կողմի խոսքի իրավունքը։ Այլապես ստացվում է, որ Հանրայինը տեղեկատվության փոխարեն իշխանության համար հարմար քարոզչություն է մատուցում։ Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ զեկույցում ևս արձանագրվել է, որ հանրային հեռարձակողն ակնհայտ կողմնակալություն է դրսևորել իշխող կուսակցության օգտին՝ սահմանափակելով քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։

Քոչարյանը նաև խմբագրական անկախության հարցին է անդրադարձել։

«Հանրային հեռարձակողի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարներից մեկի ամուսինը։ Նման իրավիճակն առնվազն լուրջ հարցեր է առաջացնում հանրային հեռարձակողի խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ»,- նշել է Քոչարյանը։

Շեշտել է՝ հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական։

  • Կիսվել: