ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները․ Աբրահամյան
ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՛՛Ուժեղ Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԵԽԽՎ-ն զեկույցով փաստացի կոչ է անում Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին՝ դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները՛՛։
Խոսելով ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության մասին՝ Աբրահամյանն ասել է, որ կուսակցության մանդատները գողացվել են, և այն պատճառաբանությունները, որոնց հիման վրա ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նշված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, ԵԽԽՎ-ն կոնկրետ անհիմն է համարել։
՛՛Շուրջ 60,000 ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության քվե փոշիացել է և դա ամեն ինչի մասին ասում է և այն պատճառաբանությունները, որոնց հիման վրա ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նշված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները և վերաքվեարկություն չի կազմակերպել, այդ պատճառաբանությունները ԵԽԽՎ-ն կոնկրետ անհիմն է համարել, քանի որ այդ արդյունքները անմիջականորեն ազդել են Ազգային ժողովում իշխանություն-ընդդիմություն համամասնության վրա և ուղղակի ազդեցություն են ունեցել ուժերից մեկի արդյունքի վրա, այն է ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության մանդատները գողացվել են՛՛,-նշել է խմբակցության քարտուղարը:



