Ռուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. Պեսկով
ՆԱՏՕ-ի այն երկրները, որոնք համաձայնում են Ռուսաստանի սահմանների մոտ միջուկային զենք տեղակայել, խորապես սխալվում են. դա անվտանգություն չի ապահովի, ընդհակառակը՝ կհանգեցնի էսկալացիայի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն երկրները, որոնք Ռուսաստանի սահմանների մոտ միջուկային զենք տեղակայելու մտքով իրենք իրենց հանգստացնում են, խորապես սխալվում են։ ՆԱՏՕ-ն այս դեպքում նրանց ոչ մի անվտանգություն չի ապահովի. ընդհակառակը՝ դա կծառայի որպես գործիք, որը կհանգեցնի էսկալացիայի և լարվածության աճի», - ընդգծել է Պեսկովը։
Նա նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից տրված նախազգուշացումներին՝ Կալինինգրադի հնարավոր շրջափակման փորձի վերաբերյալ: Սեպտեմբերի 29-ին Իռլանդիայում ՌԴ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը Ռուսաստանի Դաշնությունից:
Պեսկովի խոսքով՝ այդ նախազգուշացումները հնչել են եվրոպական երկրների շարունակական ռազմականացման ֆոնին: Կրեմլի խոսնակը նշել է, որ Կալինինգրադի հնարավոր շրջափակման փորձերի հետևանքների մասին Ռուսաստանի նախազգուշացումը պետք չէ ընդունել որպես բախումնային հայտարարություն:
Նա նաև հայտարարել է, որ եվրոպական երկրների մեծ մասը մասնակցում է ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ զենք մատակարարելով Կիևին, հետևաբար, պետք է պատրաստ լինի դրա հետևանքներին:
Պեսկովը հավելել է, որ Եվրոպան լարվածության թուլացման ուղիներ որոնելու փոխարեն որոշել է ստեղծել իր անվտանգային համակարգը և գնում է առճակատման ուղով:



