շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետությանը պատճառված վնասի վերականգնման և հաշվառման մասով Կառավարության համար լիազորող նորմ կնախատեսվի

Պետությանը պատճառված վնասի վերականգնման և հաշվառման մասով Կառավարության համար լիազորող նորմ կնախատեսվի

Նախաքննական մարմիններում քննվող եւ քննված վարույթների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետությանը կամ համայնքին պատճառված վնասները վերականգնվում են ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին:

Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին:

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով քիչ չեն նաեւ դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին:

Տարբեր հաշվեհամարներին նման կերպ կատարվող վճարումները դժվարացնում են Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, որոշ դեպքերում նույնիսկ խառնաշփոթ են առաջացնում: Դա վերացնելու նպատակով նախագծով կարգավորումներ են առաջարկվում: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության համար նախատեսել լիազորող նորմ` սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման եւ հաշվառման, ինչպես նաեւ որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների եւ արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկվող նախագիծը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

  • Կիսվել: