ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ-որ գաղտնի ծրագրեր,  որոնց առկայությունն զգում ենք բազմաթիվ արտաքին գործոններով․Արա Զոհրաբյան

Ինչ-որ գաղտնի ծրագրեր, որոնց առկայությունն զգում ենք բազմաթիվ արտաքին գործոններով․Արա Զոհրաբյան

Այստեղ կանգնած են տարբեր հայացքներ ունեցող մարդիկ։ Մենք այս օրհասական պահին պետք է լինենք միասնական, չպետք է տարաբաժանվենք։ Սա վերկուսակցական գործընթաց է, Հանրապետության հրապարակում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիրներից Արա Զոհրաբյանը։

Ակցիայի պահանջն է՝ հրապարակել փաստաթուղթը, որի մասին հայտարարել է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ այն դրված է իր սեղանին, և ինքը պատրաստվում է ստորագրել այն։

Արա Զոհրաբյանը շեշտեց՝ մենք գաղտնի փաստաթղթերի օգուտը մինչև այժմ չենք տեսել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ երաշխիք չեղավ, որպեսզի տարածքային նոր կորուստներ, նոր զոհեր ու նոր գերեվարվածներ չլինեն։

«Մենք հիշում ենք, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն խոստանում էր, որ ժողովրդից գաղտնի փաստաթուղթ չի ստորագրելու։ Ստորագրեց՝ արդարացնելով, որ դա միակ լուծումն էր՝ արյունահեղությունը դադարեցնելու։ Մեկ տարուց ավելի է անցել, նույն վիճակն է», - ասաց Զոհրաբյանը։

Նա դիմեց նաև իշխանությանը այսքանից հետո հավատացողներին․ եթե «դրսից մեր հարցերը լուծողները» տեսնեն, որ ժողովուրդն անտարբեր է, շատ ավելի հեշտ կիրականացնեն իրենց ծրագրերը։

«Ինչ-որ գաղտնի ծրագրեր, պայմանավորվածություններ կան, որոնց առկայությունն զգում ենք բազմաթիվ արտաքին գործոններով։ Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ուզեն-չուզեն, հաշվի են նստելու, հավատացեք։ Նաև այս իշխանության հովանավորներն են հասկանում, որ երբ ժողովուրդն արթնանա ու մռնչա, բոլորին քշելու, տանելու է։ Դրա համար պետք է միասնական լինենք, մի կողմ թողնենք միմյանց պիտակավորելը, միահամուռ լինենք», - ասաց Արա Զոհրաբյանը։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: