չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հուսով ենք՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը ճանապարհ կհարթի Թուրքիայի հետ երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար․ Արա Այվազյան

Հուսով ենք՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը ճանապարհ կհարթի Թուրքիայի հետ երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար․ Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել BBC Weekend ծրագրին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը։

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ջո Բայդենի հայտարարությունը Թուրքիայի հետ ձեր հարաբերությունների վրա, նախարարը նշել է․

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն՝ անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից: Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը և Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին` Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար: Այն նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»:

Դիտարկմանը՝ թե ի՞նչ դեր կխաղա սա հարաբերությունների հնարավոր կարգավորման գործում,քանի որ Ոմանք պնդում են, որ այդ հայտարարությունը խաղաքարտ կդառնա նախագահ Էրդողանի ձեռքում, որպեսզի շահի իր հասարակության աջակցությունն ընդդեմ ԱՄՆ-ի, նախարարն ընդգծեց.

«Կարծում եմ, որ սա հիմք է ստեղծում Թուրքիայի հասարակության համար՝ առերեսվելու պատմության էջերին։ Այն նաև դրդում է հասարակությանը հարցեր բարձրաձայնել իրենց պատմության ողբերգական էջերի մասին: Կարծում եմ՝ դա նաև հող կստեղծի երկու հարևան երկրների միջև երկխոսության համար: Երկու հարևան երկրների միջև ստեղծվել էր անջրպետ, և կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար»։:

  • Կիսվել: