կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր  Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ է ու հասկանալի՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության դեռևս նախորդ տարի նոյեմբերին կայացրած և գործող որոշումը:

Միևնույն ժամանակ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակում:

Հաջողություն եմ մաղթում «Հայաստան խմբակցության» ընդդիմադիր մեր գործընկերներին` մեր երկրի առաջ ծառացած այս բարդագույն շրջանում իրենց ծավալած գործունեության ու պայքարի մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էին նաեւ ցուցակում ընդգրկված Միհրդատ Մադաթյանն ու Գերասիմ Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորի մանդատի հերթը հասնում է Լեւոն Քոչարյանին։

  • Կիսվել: